Հայկական հեռուստաալիքները պարտավորվում են սուրդոթարգմանությամբ կամ ենթագրերով մի շարք հաղորդումներ հեռարձակել

08.12.2011, 18:13
Հայկական հեռուստաալիքները պարտավորվում են սուրդոթարգմանությամբ կամ ենթագրերով մի շարք հաղորդումներ հեռարձակել

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  Հայաստանի Ազգային ժողովը հինգշաբթի երկրորդ և վերջնական ընթերցմամբ լրացումներ կատարեց «Ռադիոյի և հեռուսատեսության մասին» օրենքում, որոնց համաձայն` հայկական հեռուստաալիքները պարտավորվում են սուրդոթարգմանությամբ կամ ենթագրերով օրական մեկական մանկական և լրատվական հաղորդում հեռարձակել:

«Հայկական այն հեռուստաընկերությունները, որոնք մանկական և/կամ լրատվական հաղորդումներ են հեռարձակում, պարտավորվում են խուլ-համրերի համար տեղեկատվության հասանելիություն ապահովել, ինչպես նաև օրական առնվազն եթերային մեկ ժամ տրամադրել սուրդոթարգմանությամբ կամ հայերեն ենթագրերով մանկական և լրատվական ծրագրերի հեռարձակման համար»,- ասաց Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ ներկայացնելով օրինագիծը:

Նրա խոսքերով՝ ավելի վաղ օրենքի այդ կետը տարածվում էր միայն Հայաստանի հանրային հեռուստաընկերության վրա: «Այս օրինագիծը մշակվել է հայկական հեռուստաընկերությունների հետ քննարկումների արդյունքում, որոնք պատրաստակամություն են հայտնել կատարել մեր պահանջները», - նշել է նախարարը:

Նա նաև ընդգծեց, որ մանկական և լրատվական ծրագրերի ամենօրյա հեռարձակումը սուրդոթարգմանությամբ կամ ենթագրերով բխում է նաև հեռուստաալիքների շահերից, քանի որ դա նոր լսարան գրավելու միջոց է:

«Շատ ալիքների ներկայացուցիչներ, այնուամենայնիվ, մտահոգված են համապատասխան մասնագետների բացակայությամբ, սակայն պատրաստ են աստիճանաբար ավելացնել սուրդոթարգմանությամբ կամ ենթագրերով հաղորդումների քանակը», - ասել է նախարարն՝ ավելացնելով, որ այդ օրինագիծը խուլ-համրերի կողմից տեղեկատվություն ստանալու մատչելիության ապահովման ճանապարհին կատարված միայն առաջին քայլն է:-0-