Փոխարինման կարգով ավելի քան 3000 կրտսեր մասնագետ է ժամանել Հայաստանի ռուսական ռազմակայան

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ռուսական ռազմակայանում ավարտվել է զորակոչմամբ զինվորական ծառայություն իրականացնող անձնակազմի պլանային փոխարինումը, հաղորդում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:
Պահեստային զինծառայողներին փոխարինելու են եկել Հարավային և Կենտրոնական ռազմական օկրուգների ուսումնական հաստատություններում տարբեր զինվորական մասնագիտություններով պատրաստված սերժանտներ և զինվորներ:
«Բոլոր նոր զինծառայողները պատվաստվել են գրիպի, որովայնային տիֆի և հեպատիտ А-ի դեմ: Բարձր լեռնային շրջանի պայմաններին հարմարվելու նպատակով առաջին 15 օրվա ընթացքում նրանց համար թեթևացվել է ծառայողական և ֆիզիկական ծանրաբեռնվածությունը»,- նշվում է տեղեկատվության մեջ:
Զինծառայողներին ժամանակին տեղափոխելու համար քաղավիացիայի ավելի քան 50 ավիաչվերթ է իրականացվել: Պլանային փոխարինման ընթացքում ռազմակայանի զինծառայողների ընդհանուր թիվը չի փոխվել: Դեկտեմբերի 1-ին մեկնարկել է նոր ուսումնական տարին: Անձնակազմն անցել է պլանային ռազմական պատրաստվածության:
Հայաստանի հյուսիսում գտնվող Գյումրի քաղաքում 1995 թ.-ից տեղակայված է ռուսական 102-րդ ռազմաբազան, որը մարտական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ հակաօդային պաշտպանության միասնական համակարգի շրջանակներում: Բազան ՌԴ Հյուսիսկովկասյան ռազմական օկրուգի Անդրկովկասյան ռուսական զորախմբի ենթակայության տակ է գտնվում:
Բազան զինված է С-300 զենիթահրթիռային համալիրով և ՄիԳ-29 կործանիչներով: Բազայի անձնակազմը շուրջ 5 հազար մարդ է ներառում:
Քանի որ ռուսական ռազմաբազան Հայաստանի տարածքում իր տեղակայման ժամանակաընթացքում բացի Ռուսաստանի Դաշնության շահերի պաշտպանության գործառույթների իրականացումից Հայաստանի Զինված ուժերի հետ համատեղ ապահովում է նաև Հայաստանի անվտանգությունը, ռուսական կողմը, փաստաթղթի համաձայն, պարտավորվում է հայկական կողմին զինել ժամանակակից սպառազինությամբ, ռազմական (հատուկ) տեխնիկայով:
Հայաստանը և Ռուսաստանը օգոստոսի 20-ին Երևանում արձանագրություն են ստորագրել Գյումրիի ռուսական ռազմակայանի մասին 1995 թ.-ին ստորագրված երկկողմ պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու մասին, որոնք վերաբերում են փաստաթղթի գործողության ժամկետի երկարացմանը: 1995 թ.-ին ստորագրված պայմանագրի գործողության ժամկետը 25 տարի էր, այժմ փաստաթուղթը գործելու է 49 տարի՝ սկսած 1995 թ.-ից: Փաստաթղթի համաձայն` պայմանագրի գործողության ժամկետն ավտոմատ կերպով երկարացվելու է հաջորդող հնգամյակով, եթե կողմերից ոչ մեկը պայմանագրի գործողության հերթական ժամկետի լրանալուց վեց ամսից ոչ ուշ գրավոր կերպով չտեղեկացնի մյուս կողմին ռազմաբազայի գործողության ժամկետի դադարեցման վերաբերյալ իր մտադրության մասին:-0-