ՀՀ էկոնոմիկայի նախարարության և UNDP-ի միջև Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

02.12.2011, 12:47
ՀՀ էկոնոմիկայի նախարարության և UNDP-ի միջև Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել
ՀՀ էկոնոմիկայի նախարարության և UNDP-ի միջև Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ու ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան ուրբաթ Փոխըմբռնման հուշագիր են ստորագրել:

 «Այս փաստաթղթի շրջանակներում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (UNDP) կաջակցի ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը մասնագետների պատրաստման և վերապատրաստման, մարդկային հնարավորությունների ուժեղացման հարցում», - ասել է Դավթյանը ուրբաթ հուշագրի ստորագրումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ:

Նա նշել է, որ ՀՀ էկոնոմիկային նախարարությունը UNDP-ի հետ մասին արդեն իրականացրել է աջակցության մի քանի տասնյակ ծրագրեր տարբեր ոլորտներում, որոնք ուղղված են արտահանման խթանմանը, ինչպես նաև արտաքին առևտրին և ներդրումային ծրագրերին աջակցելուն:

Դավթյանը պարզաբանել է, որ փաստաթղթի շրջանակներում նախատեսվում է արտասահմանում նախարարության աշխատակիցների վերապատրաստում կազմակերպել եվրոպական համապատասխան տնտեսական կառույցներում աշխատանքի և Հայաստանում ձեռք բերված փորձի հետագա կիրառման միջոցով:

Այս կապակցությամբ նախարարը նշել է, որ նախարարության աշխատակիցները պետք է ունենան միջազգային մակարդակի մասնագիտացում՝ հաշվի առնելով այն, որ գերատեսչությունն աշխատում և ծրագրեր է իրականացնում Համաշխարհային բանկի, Զարգացման ասիական բանկի, Եվրոբանկի հետ, մասնավորապես՝ ազատ և համապարփակ առևտրի համաձայնագրի հարցում:

Դավթյանը նաև նշել է, որ համաձայնագրում նշված չեն ֆինանսական աջակցության կոնկրետ շրջանակները: Նրա խոսքերով՝ ֆինանսավորումը կտրամադրվի անհրաժեշտության դեպքում՝ նախարարության կողմից ներկայացված հայտերին և UNDP-ի հնարավորություններին համապատասխան:

Գերչևան իր հերթին նշել է, որ այս հուշագրի ստորագրումը սերտ համագործակցության շարունակության ուղղությամբ կատարված ևս մեկ քայլ է, նա ասել է, որ UNDP-ին երկար տարիների ընթացքում աջակցում է ՀՀ կառավարությանը բարեփոխումների հավակնոտ ծրագրերի իրականացման հարցում:

 «Լավ բարեփոխումների իրականացման համար կարևոր է հզոր անձնակազմի և ինստիտուտոցիալ հնարավորությունների բարձր մակարդակի առկայությունը», - պարզաբանել է նա:

Գերչևայի խոսքերով՝ փաստաթուղթը կնպաստի էկոնոմիկայի նախարարության աշխատակիցների մասնագիտական հնարավորությունների ընդլայնմանը:

 «Հուսով եմ, որ այն մոտեցումը, որը կկիրառվի այս ծրագրի իրագործման ժամանակ և այն արդյունքները, որոնց կհասնենք, օրինակ կծառայեն մյուս նախարարությունների համար», - ավելացրել է նա:

Ըստ հուշագրի՝ UNDP-ին կաջակցի նախարարությանը մասնագիտական զարգացման նախատեսված ծրագրերի իրագործման, ինչպես նաև դոնորների և գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցույթան հարցում՝ այդ ծրագրերի համար ֆինանսական միջոցներ փնտրելու համար:-0-