Սուրբ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների մասունքները կբերվեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

01.12.2011, 18:38
Սուրբ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների մասունքները կբերվեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Սուրբ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների մասունքները կբերվեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին շաբաթ օրը տոնախմբելու է հայոց առաջին լուսավորիչների` սուրբ Թադեոս և սուրբ Բարդուղիմեոս առաքյալների հիշատակը:

«Տոնի առիթով, Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի օրհնությամբ, դեկտեմբերի 2-ին, երեկոյան ժամերգությանը և նախատոնակին, Սուրբ Էջմիածնի Մայր Տաճար կբերվեն և մինչև հաջորդ օրվա երեկոյան ժամերգություն կմնան Մայր Աթոռի Գանձատանը պահվող սուրբ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների մասունքները», - հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:

Տեղեկատվության մեջ նշվում է, որ առաքյալների մասունքները կմնան Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում մինչև հաջորդ օրվա երեկոյան ժամերգությունը:

«Այս ընթացքում հոգևորականաց դասն ու հավատացյալ ժողովուրդը հնարավորություն կունենան իրենց խոնարհումը բերել առաքյալների սրբազան մասունքներին», - նշվում է տեղեկատվության մեջ:

Ս. Թադեոսը և Ս. Բարդուղիմեոսը Քրիստոսի անխոնջ 12 առաքյալներից էին, որոնք գալով Հայաստան` քրիստոնեություն քարոզեցին հայ ժողովրդին` արժանանալով «առաջին լուսավորիչներ» կոչմանը: Դեռևս քրիստոնեության արշալույսին, նրանք նահատակվեցին Հայաստանում: Առաքյալների գործունեության արդյունքում 301 թվականին հայ ժողովուրդն աշխարհում առաջինը քրիստոնեությունը հռչակեց իբրև պետական կրոն: Հիրավի, այս սրբազան առաքյալների դերը կարևորվում է երկհազարամյա քրիստոնյա հայ ժողովրդի կյանքում, որն հավատով և ջերմեռանդ սիրով լի է դեպի մայր եկեղեցին:

Ամեն տարի Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում մատուցվում է Սուրբ և անմահ Պատարագ` ի հիշատակ Ս. Առաքյալների:

Հայ Առաքելական Եկեղեցին Սբ. Առաքյալների և մեր առաջին լուսավորիչների` Թադեոսի և Բարդուղիմեոսի հիշատակը տոնում է Հիսնակի Բ կիրակիին նախորդող շաբաթ օրը:-0-