ՀՀ ԿԳ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ

16.11.2011, 18:32
ՀՀ ԿԳ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շնորհավորական ուղերձ է հղել ուսանողների միջազգային օրվա առթիվ, որը նշվում է նոյեմբերի 17-ին:

«Գիտելիքի վրա հիմնված հասարակության և տնտեսության ժամանակաշրջանում առավել կարևորվում է ուսանողության դերը, քանի որ հմուտ, մասնագիտական գիտելիքներով հարուստ երիտասարդներով է պայմանավորված յուրաքանչյուր պետության տեղն ու դերը համաշխարհային արագընթաց զարգացումներում»,- Աշոտյանի խոսքն է մեջբերում նախարարության մամուլի ծառայությունը:

Նախարարն ընդգծել է, որ յուրաքանչյուր քաղաքացու կրթության իրավունքի լիարժեք իրականացումը, մասնագիտական կրթության բնագավառում իրականացվող ծավալուն բարեփոխումները և մրցունակ գիտելիքների ձեռքբերման հնարավորությունների ընդլայնումը յուրաքանչյուր ուսանողից պահանջում է լինել առավել ակտիվ և ներգրավված կրթության ոլորտում ընթացող գործընթացներում, գիտելիքների ձեռքբերման հարցում իր իսկ անձի նկատմամբ ցուցաբերել առավել պահանջկոտություն:

«Իրականացվող բարեփոխումների հաջողության գրավականը գիտելիքի նորովի արժևորումն ու դրա ձեռքբերման գործընթացում ձեր քաղաքացիական գիտակցությունն է: Շնորհավորում եմ ՀՀ ուսումնական հաստատություններում, ինչպես նաև արտերկրում սովորող բոլոր հայազգի ուսանողներին, ցանկանում լավատեսություն, հաստատուն կամք, ուսման մեջ հաջողություններ և բոլոր նպատակների իրականացում»,- նշել է Աշոտյանն իր շնորավորական ուղերձում:

Ուսանողի միջազգային օրը կամ ուսանողների համերաշխության օրն ամբողջ աշխարհում նշվում է նոյեմբերի 17-ին: -0-