ՀՀ նախագահը Ճապոնիայից համագործակցության ներուժի լիարժեք օգտագործում է ակնկալում

08.11.2011, 19:04
ՀՀ նախագահը Ճապոնիայից համագործակցության ներուժի լիարժեք օգտագործում է ակնկալում

Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Տիկահիտո Հարադանի (նստավայրը՝ Մոսկվա) հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ճապոնիայի միջև տարբեր ոլորտներում առկա համագործակցության լուրջ ներուժը լիարժեքորեն կօգտագործվի:

Ինչպես հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը, ճապոնացի դիվանագետից հավատարմագրեր ընդունելով՝ հայկական պետության ղեկավարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ՝ նշելով, որ որ Հայաստանը կարևորում է հայ-ճապոնական հարաբերությունների համակողմանի զարգացումն ու խորացումը:

Նախագահը գոհունակությամբ է արձանագրել հատկապես վերջին տարիներին քաղաքական շփումներում նկատելի որոշակի աշխուժությունը, արտաքին գերատեսչությունների միջև կանոնավոր բնույթ ստացած քաղաքական խորհրդատվությունները: 

Ճապոնիայի նորանշանակ դեսպան Հայա՝ՀայաՏիկահիտո Հարադան շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին` շնորհավորանքի ու բարեմաղթանքների համար և վստահեցրել, որ կանի հնարավորը երկկողմ կապերի խորացման ուղղությամբ: 

Նա նշել է, որ հաջորդ տարի լրանում է Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը, որը ևս լավ առիթ է մշակութային բազմաբնույթ միջոցառումների անցկացման, տնտեսական ոլորտում համագործակցության ծրագրերի մշակման ու իրագործման համար: -0-