Երևանը և Դելին հաստատել են համագործակցության ամրապնդման ապտրաստակամությունը

01.11.2011, 18:57
Երևանը և Դելին հաստատել են համագործակցության ամրապնդման ապտրաստակամությունը

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երեքշաբթի Երևանում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հնդկաստանի Արևելքի հարցերով քարտուղար Սանջայ Սինգհի հետ քննարկել է հայ-հնդկական համագործակցության ընդլայնման հարցերը:

«Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց վերջին շրջանում հայ-հնդկական հարաբերություններում նկատվող ակնհայտ աշխուժացումը՝ ընդգծելով, որ դա երկու կողմից ցուցաբերվող հետևողականության արդյունք է»,- ասվում է արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

ՀՀ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ Երևանը շահագրգռված է հայ-հնդկական ավանդական ջերմ ու բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմամբ և խորացմամբ։

Սանջայ Սինգհն իր կողմից ընդգծել է, որ Հնդկաստանում առանձնահատուկ ջերմությամբ են վերաբերվում Հայաստանին ու հայ ժողովրդին, և երկրի իշխանությունները նպատակադրված են ընդլայնել Հայաստանի հետ բարեկամական գործընկերությունն ու համագործակցությունը։

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրեցին, որ անցյալ տարի ՀՀ ԱԳ նախարարի Հնդկաստան կատարած պաշտոնական այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն արդեն ի կատար են ածվում:

Էդվարդ Նալբանդյանն ու Սանջայ Սինգհը քննարկեցին հոկտեմբերի 31-ին կայացած տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի և այսօր տեղի ունեցած երկու երկրների ԱԳՆ-երի միջև խորհրդատվությունների արդյունքները:

Հանդիպմանը կողմերն անդրադարձան երկկողմ քաղաքական, տնտեսական, կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակութային և առողջապահության բնագավառներում համագործակցության ընդլայնմանն ուղղված ծրագրերին և  այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին` մասնավորապես համապատասխան գերատեսչությունների միջև խորհրդատվությունների անցկացման, գործարար շրջանակների միջև շփումների ակտիվացման ինչպես նաև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման միջոցով:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի շուրջ:

ՀՀ ԱԳՆ ղեկավարը ներկայացրել է  Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրները և դրանց կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումները: Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց Հնդկաստանի հավասարակշռված դիրքորոշումն արցախյան հիմնախնդրի վերաբերյալ: -0-