Միացյալ նահանգների վարչակազմը կարևորում է Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը. դեսպան

17.10.2011, 14:26
Միացյալ նահանգների վարչակազմը կարևորում է Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը. դեսպան

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Միացյալ նահանգների վարչակազմը կարևորում է Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը, հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Հեֆերնը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ:

Հեֆերնը նախարարին է հանձնել հավատարմագրերի պատճենն ու հավաստիացրել, որ կանի առավելագույնը` երկկողմ հարաբերություններն առավել ամրապնդելու համար:

«Շնորհավորելով Միացյալ Նահանգների դեսպանին` արտգործնախարարը  հույս է հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի վերջին շրջանում համատեղ ջանքերով որակապես նոր մակարդակի բարձրացած հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության առավել զարգացմանն ու խորացմանը», - հաղորդում է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը:

Տեղեկատվության համաձայն՝ հանդիպման ընթացքում Նալբանդյանն ու դեսպան Հեֆերնը զրույց են ունեցել հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող բազմաթիվ հարցերի` ԱՄՆ կառավարության կողմից Հայաստանի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման շուրջ:

Բացի այդ, զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ: Այս համատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Միացյալ Նահանգների դրական ներգրավվածությունն արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում:-0-