Հայաստանում ռուսալեզու մեդիատարածքի մասին կլոր սեղան կկազմակերպվի հոկտեմբերի 7-ին Երևանում

30.09.2011, 10:29
Հայաստանում ռուսալեզու մեդիատարածքի մասին կլոր սեղան կկազմակերպվի հոկտեմբերի 7-ին Երևանում
Հայաստանում ռուսալեզու մեդիատարածքի մասին կլոր սեղան կկազմակերպվի հոկտեմբերի 7-ին Երևանում

«Եվրասիական հետազոտությունների ինստիտուտ» զարգացման հիմնադրամն ու «Առաջ Ռուսաստան և Հայաստան» հայկական հիմնադրամը հոկտեմբերի 7-ին Երևանում կլոր սեղան կկազմակերպեն «Ռուսալեզու մեդիատարածքը Հայաստանում. ներկա և ապագա» թեմայով, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ինստիտուտի հայկական մասնաճյուղից:

Միջոցառումը կանցկացվի Ռուսաստանի Դաշնության նախագահի օտարերկրյա երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության աջակցությամբ` «Հայաստանում ռուսական խոսքի օրերի» (2011 թ. հոկտեմբերի 3-9) շրջանակներում: Կլոր սեղանի աշխատանքներին կմասնակցեն Ռուսաստանի և Հայաստանի նախագահների աշխատակազմերի, երկու երկրների արտգործնախարարների ներկայացուցիչները, ռուսական և հայկական ԶԼՄ-ների ղեկավարները, փորձագետներ:

«Կլոր սեղանի խնդիրն է աջակցել ռուսական և հայկական ԶԼՄ-ների համագործակցության զարգացմանը, ամրապնդել երկկողմ կապերը հեռուստատեսային և ռադիոհեռարձակման, էլեկտրոնային մեդիա-ռեսուրսների ոլորտում», -  նշվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Կլոր սեղանի ընթացքում նախատեսվում է քննարկել Հայաստանում ռուսալեզու ԶԼՄ-ներին վերաբերող հրատապ խնդիրներն ու սահմանել ԶԼՄ-ների զարգացման հեռանկարները:

Միջոցառման ավարտին նախատեսվում է Երևանում ռուսական գրքի տան հանդիսավոր բացումը, որտեղ կներկայացվի ընթերցողների լայն շրջանակի համար նախատեսված ռուսերեն գրականություն:-0-