Երևանի զորահանդեսը հստակ ցույց տվեց հայ ժողովրդի հզորությունը. ռազմական փորձագետ

Հայաստանի անկախության 20-ամյա հոբելյանին նվիրված զորահանդեսը հստակ ցույց տվեց հայկական Զինված ուժերի հզորությունը, չորեքշաբթի լրագրողներին ասաց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:
Չորեքշաբթի Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ երկրի անկախության 20-ամյակին նվիրված աննախադեպ զորահանդես:
«Ցուցադրված ռազմական տեխնիկան թույլ է տալիս որոշակի եզրակացություններ անել հայկական բանակի ներուժի մասին: Կարծում եմ, որ միջազգային փորձագետները նույնպես կհամաձայնեն, որ անցկացված ռազմական շքերթի մակարդակը շատ բարձր էր ոչ միայն տեխնիկայի քանակի և տեսակի տեսանկյունից: Ամենակարևորը, որ Հայաստանը ցույց տվեց սեփական ռազմական արդյունաբերության նվաճումները»,- ասաց նա:
Հովհաննիսյանը նշեց, որ զորահանդեսի ժամանակ ցուցադրվեց հայ մասնագետների կողմից արդիականացված ռուսական ռազմական տեխնիկան: «Դա բացառիկ երևույթ է համաշխարհային պրակտիկայում, որ այնպիսի փոքր երկիր, ինչպես Հայաստանն է, նման բան է իրականացնում»,- ասաց նա:
Փորձագետն ավելացրեց, որ Հայաստանի Զինված ուժերի բարձր մակարդակը չի սահմանափակվում ռազմական շքերթով: «Այսօր մեր բանակն ընդհանուր առմամբ շատ բարձր մակարդակ ունի: Դա են ապացուցում ինչպես սեպտեմբերի 12-ի իրադարձությունները (ադրբեջանական անօդաչու սարքի ոչնչացումը), այնպես էլ այն, որ հակառակորդը վերջին ժամանակներս իրեն լկտի պահելու ավելի ու ավելի քիչ հնարավորություններ ունի»,- ավելացրեց նա:
Հովհաննիսյանն ասաց, որ հայկական զորահանդեսը չի համարում Բաքվի` հունիսի 26-ի զորահանդեսի պատասխանը:
«Ակնհայտ է, որ եթե այսօր մենք չտոնեինք անկախության 20-ամյակը, ապա ռազմական շքերթ չէինք անցկացնի: Մեր շքերթը միայն մասամբ ցույց տվեց հայկական բանակի հզորությունը: Իսկ հունիսի 26-ի ադրբեջանական զորահանդեսը ռազամականացվածության ակնհայտ ցուցադրություն էր, ուրիշ ոչինչ: Մենք այլ բան շեշտադրեցինք: Մենք ցույց տվեցինք սերնդափոխությունը, ազգային արժեքներում հոգևարականության ներգրավվածությունը, մեր ռազմական արդյունաբերությունը: Մենք ինչ-որ մեկի ինչ-որ բան ապացուցելու նպատակ չունեինք»,- հավելեց նա:
Զորահանդեսին մասնակցեց շուրջ չորս հազար մարդ, և ներկայացվեց ռազմական տեխնիկայի ավելի քան 300 միավոր: Հանրապետության Հրապարակով անցան Հայաստանի ԶՈՒ, Արցախի Պաշտպանության բանակի, ռուսական 102-րդ ռազմակայանի բոլոր զորքերը:
Բացի զրահատեխնիկայից, ցուցադրվեց այնպիսի հզոր տեխնիկա, ինչպես «Տոչկա-ՈՒ» տակտիկական հրթիռային համալիրները, «Սմերչ» համակարգերը, Էլբրուս 9К72 օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիրը (НАТО SS-1c Scud B դասակարգմամբ), շարժական զենիթահրթիռային С-300 ПМ համակարգը և այլ տեխնիկա: Ցուցադրվեց նաև ավիացիան, այդ թվում` «Կռունկ» հայկական անօդաչու թռչող սարքերը:--0--