ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Եգիպտոսում միջազգային սիմպոզիումի շրջանակներում կներկայացվի հայկական գրատպության 500-ամյակին նվիրված ցուցահանդեսը, որը կանցկացվի սեպտեմբերի 27-29-ը հայտնի Ալեքսանդրինա գրադարանում, հաղորդում է ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը:
Ալեքսանդրինայի միջազգային չորրոդ սիմպոզիումը նվիրված է Մերձավոր Արևելքի երկրների և դրանց լեզուներով տպագրության ու հրատարակման պատմությանը:
«Սիմպոզիումի շրջանակներում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ նախատեսվում է անցկացնել Հայաստանում գրատպության պատմությանը նվիրված հատուկ նիստ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Մերձավոր Արևելքի լեզուներով և երկրներում հրատարակչության և տպագրության պատմությանը նվիրված միջազգային սիմպոզիումին Հայաստանից կմասնակցեն Երևանի Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ-Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարապետ Վարդանյանը, ՀՀ ազգային գրապալատի հայկական տառատեսակների պահպանման ու մշակման բաժնի վարիչ, տառաստեղծ Էդիկ Ղաբուզյանը:
Այդ օրերին գրադարանի տնօրինության առաջարկով հայ առաջին տպագիր գրքի 500-ամյա հոբելյանին նվիրված` Ալեքսանդրինա գրադարանում կանցկացվի հայ հնատիպ գրքի ցուցահանդես, որտեղ կներկայացվեն նմուշներ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի ու Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ-Մատենադարանի հավաքածուներից:
Երևանը դարձել է Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակված 12-րդ քաղաքը:
Ավելի վաղ այս տիտղոսին են արժանացել Մադրիդը (2001), Ալեքսանդրիան (2002), Նյու Դելին (2003), Անտվերպենը (2004), Մոնրեալը (2005), Թուրինը (2006), Բոգոտան (2007), Ամստերդամը (2008), Բեյրութը (2009), Լյուլբյանան (2010) և Բուենոս Այրեսը (2011):
Հայաստանը 2012 թ.-ին կնշի առաջին տպագիր գրքի հրատարակման 500-ամյակը: Հայկական գրատպության սկիզբը համարվում է 1512թ.-ը, երբ Վենետիկում Հակոբ Մեղապարտը հրատարակեց առաջին հայկական «Ուրբաթագիրքը»: Մեղապարտի տպագրած գրքերի վերջում կա տպարանանիշ, որ խաչակիր շրջանակ է՝ երկգիծ քառակուսու մեջ: Հակոբ Մեղապարտը ջանացել է իր տպագրած գրքերը նմանեցնել ձեռագրերի, քանի որ այն ժամանակ տպագիր գրքերն անսովոր էին հայերի շրջանում: Մեղապարտի գործունեության շնորհիվ հայոց լեզուն Ասիայի և ԱՊՀ ժողովուրդների մեջ գրատպության առաջին լեզուն դարձավ: --0--