Հայ նկարչի մոզաիկ պաննոյի շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին Երևանում
Սեպտեմբերի 14–ին մայրաքաղաքի կենտրոնում՝ Սարյան փողոցում, տեղի կունենա հայտնի հայ նկարիչ Մարտիրոս Սարյանի «Իմ բակը» կտավի մոզաիկ պաննոի բացման արարողությունը, հաղորդում է «Ժպտա Երևան» նախագծի մամուլի ծառայությունը:
«Ժպտա Երևան» ծրագիրը նախաձեռնվել է մի խումբ արվեստագետների, ճարտարապետների և ձեռներեցների կողմից, և իրականացվում է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության համաձայն, «Ժպտա Երևան» ծրագրի նպատակն է նոր տեսք, գույն ու շունչ հաղորդել Մայրաքաղաքի ճարտարապետական և գեղագիտական դեմքին:
«Ծրագիրն իր առջև խնդիր է դնում Երևան քաղաքում ստեղծել հանգստի և ժամանցի արժանավայել պայմաններ երեխաների և տարեց մարդկանց համար, քաղաքը դարձնել գրավիչ զբիսաշրջիկների և բնակիչների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ծրագիրն իրականացվում է քաղաքի շինությունների դատարկ, տգեղ և տեսանելի պատերին հայ ճանաչված նկարիչների ստեղծագործությունների հիման վրա ստեղծված մոզաիկ պաննոների, նոր ձև, ճաշակ, գույն և մոտեցում պարունակող ծաղկամանների, նստարանների, աղբամանների, խաղահրապարակների ստեղծման միջոցով:
Եվս 2 նախագծերի աշխատանքները շուտով կավարտվեն Ամիրյան փ. – Մաշտոցի պող. և Տպագրիչներ փ. – Հանրապետության փ. հասցեներով։
«Ժպտա Երևան» ծրագիրը բաց է բոլոր արվեստագետների և ճարտարապետների համար: -0-