Ղարաբաղն իրավական տեսակետից ավելի ուժեղ է շատ այլ ճանաչված պետություններից. հայ քաղաքագետ

ԼՂՀ-ն իրավական տեսակետից շատ ավելի ամուր է շատ այլ ճանաչված և կիսաճանաչված պետությունների համեմատ, հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրենի տեղակալ Սերգեյ Մինասյանը:
«Չնայած, որ ԼՂՀ-ն ունի բոլոր ատրիբուտները, այդ թվում նաև իրավական, քաղաքական, ռազմական և տնտեսական իմաստով, սակայն նա ճանաչված չէ: Բայց այս ամենն ամենևին էլ չի խանգարում ԼՂՀ-ին լինել ավելի կայացած պետական միավոր, քան ՄԱԿ-ի շատ անդամ-երկրները կամ շատ հետխորհրդային պետություններ», - ուրբաթ ասաց նա մամուլի ասուլիսի ժամանակ:
Մինասյանի խոսքերով՝ ղարաբաղյան հակամարտությունը ոչ միայն և ոչ այնքան իրավական, որքան էթնոքաղաքական և միջազգային հակամարտություն է:
«Դրա մեջ իրավական մասը մեծ նշանակություն ունի, սակայն ավելի ակտուալ են քաղաքական և ռազմաքաղաքական գործոնները», - նշեց նա:
1991 թ.-ի սեպտեմբերի 2-ին տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը, որը համաժողովրդական կամքի արտահայտության հիման վրա ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հռչակագիրը՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության և Շահումյանի շրջանի ողջ տարածքում։
Նման որոշում ընդունելիս պահպանվել են 1990 թ. ապրիլի 3-ի «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի որոշման կարգի մասին» ԽՍՀՄ օրենքի պահանջները, որը նախատեսում է ԽՍՀՄ-ի կազմից միութենական հանրապետության դուրս գալու դեպքում սեփական պետաիրավական կարգավիճակի մասին հարցն ինքնուրույն լուծելու ազգային ինքնավարությունների իրավունքը: --0—