Բելգիացի մասնագետը վերականգնել է հայկական միջնադարյան եկեղեցու որմնանկարը

01.09.2011, 16:54
Բելգիացի մասնագետը վերականգնել է հայկական միջնադարյան եկեղեցու  որմնանկարը

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Բելգիացի որմնանկարների վերականգնող մասնագետ Քրիսթինե Լամորեան աշխատանքներ է իրականացրել Որոտնավանքի Սբ. Կարապետ եկեղեցում, հաղորդում է ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը:

Լամորեան մշակույթի նախարարության հրավերով օգոստոսի 20-24-ը գտնվում էր Հայաստանում:

«Մաքրվել, ամրակայվել, վերականգնվել է Սբ Կարապետ եկեղեցու հյուսիսային խորանի որմնանկարը՝ ամփոփված 124 սմ տրամագիծ ունեցող շրջագծի մեջ, ուր պատկերված է աստղազարդ երկնագույն երկինք՝ շրջապատված կենդանակերպ ու մարդակերպ պատկերներով, կենտրոնում՝ թևավոր հրեշտակ», - նշվում է տեղեկատվության մեջ:

Մամուլի հաղորդագրության համաձայն՝ վերականգնման համար բոլոր անհրաժեշտ նյութերը Լամորեան իր հետ բերել էր Իտալիայից:

«Որմնանկարի (ենթադրվում է XI դար) հետագա անխաթար պահպանությանն ուղղված աշխատանքներին մասնակցել են նաև վերականգնող ճարտարապետ Արա Զարյանը Իտալիայից և որմնանկարների վերականգնող մասնագետ Արժանիկ Հովհաննիսյանը Հայաստանից», - նշվում է տեղեկատվության մեջ:

Որոտնավանքը (Վաղատնի վանք) գտնվում է Սիսիանից մոտ 14 կմ արևելք, Որոտանի կիրճի ձախակողմյան բարձունքի վրա, հիմնադրվել է 1000 թ. Սյունյաց թագուհի Շահանդուխտի կողմից: Շահանդուխտի կրտսեր որդի, Սյունյաց Վասակ թագավորի եղբայր իշխան Սևադան Որոտնավանքի արևելյան կողմում 1006 թվականին կառուցել է Ս. Կարապետ եկեղեցին:-0-