Հայաստանում կին է մահացել՝ թունավորվելով սկեսրոջ կողմից թունաքիմիկատով մշակված ձմերուկից. ոստիկանություն

20.08.2011, 14:59
Հայաստանում կին է մահացել՝ թունավորվելով սկեսրոջ կողմից թունաքիմիկատով մշակված ձմերուկից. ոստիկանություն

Հայաստանում քրեական գործ է հարուցվել երիտասարդ մի կնոջ մահվան փաստով, որը սխալմամբ կերել է ձմերուկը, որը նրա սկեսրայրը մշակել էր թունաքիմիկատով՝ ճանճերին ոչնչացնելու նպատակով, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի կենտրոնը:

Օգոստոսի 1-ին ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդագրություն է ստացվել, որ «Մեծամոր» բժշկական կենտրոնից Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին մահացել է 22-ամյա Էլյա Մամոյանը:

«Մեկնած օպերատիվ խմբին Էլյա Մամոյանի սկեսրայրը` 51-ամյա Ամո Խ.-ն հայտնել էր, որ Մամոյանը հուլիսի 31-ին ժամը 21.30-ի սահմաններում տանը պատահաբար կերել է միջատների համար պատրաստված թունաքիմիկատով մշակված ձմերուկը», - նշվում է տեղեկատվության մեջ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Էլյա Մամոյանի սկեսրայրը հուլիսի 27-ին ճանճերին սատկացնելու նպատակով կտրատել է մի քանի ձմերուկ, մշակել թունաքիմիկատով ու դրել պատշգամբում, ինչի մասին չի զգուշացրել ընտանիքի անդամներին, այդ թվում` Մամոյանին: «Հուլիսի 31-ին երեկոյան Մամոյանը կերել է նշված ձմերուկից և օգոստոսի 1-ին ժամը 00.30-ի սահմաններում մահացել է», - նշվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Փաստի առթիվ օգոստոսի 19-ին Արմավիրի մարզի դատախազության կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 109 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (անզգուշությամբ մահ պատճառելը, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով) հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:-0-