ՀԱԿ-ի և կոալիցիայի համար ամենակարևորը բանակցություններ վարելու փաստն է. քաղաքագետ

18.08.2011, 13:41
ՀԱԿ-ի և կոալիցիայի համար ամենակարևորը բանակցություններ վարելու փաստն է. քաղաքագետ
ՀԱԿ-ի և կոալիցիայի համար ամենակարևորը բանակցություններ վարելու փաստն է. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի.  /Նովոստի-Արմենիա/. Երկխոսություն վարող  ընդդիմադիր Հայ Ազգային կոնգրեսի (ՀԱԿ) և իշխող կոալիցիայի համար ավելի կարևոր է ոչ թե այդ երկխոսության էությունը, այլ դրա անցկացման փաստը, կարծում է Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Բանակցությունների իմաստը հենց բանակցություններն են, և տեղի ունեցողի էությունը ոչ թե քննարկվող թեման է, այլ հենց բանակցությունների փաստը»,- հինգշաբթի ասաց նա լրագրողներին:

Քաղաքագետի կարծիքով` իշխանությունների համար կարևոր է չվերադառնալ այն իրավիճակին, որ գոյություն ուներ անցյալում, և պահպանել ստատուս-քվոն:

«Բացի այդ, բանակցային գործընթացը ողջունում են նաև Հայաստանի սահմաններից դուրս, այդ թվում՝ Հայաստանի համար կարևոր արևմտյան երկրները և միջազգային կառույցները»,- նշեց Իսկանդարյանը:

Նա ընդգծեց, որ ՀԱԿ-ը կարևորում է երկխոսության շարունակումը, ինչի մասին է վկայում այն փաստը, որ, չնայած ընդդիմության ակտիվիստների ձերբակալության հետ կապված միջադեպին` Կոնգրեսը դուրս չեկավ բանակցություններից:

«Ըստ ամենայնի` ՀԱԿ-ը չի ցանկանում դուրս գալ բանակցություններից և դեմարշ անել: Գոյություն ունեն պատճառներ, որոնց համար ՀԱԿ-ը նախընտրում է շարունակել երկխոսությունը»,- հավելեց Իսկանդարյանը:

Քաղաքագետի կարծիքով` եթե գործընթացը չձախողվի, ապա Հայաստանը հնարավորություն կունենա «մինի հեղափոխություններ» կատարել քաղաքական համակարգում:

«Հայաստանում ընտրություններում պարտություն կրած կողմը սովորաբար չի ընդունում ընտրությունների արդյունքները և, նույնիսկ ոչ մեծ տոկոս ունենալով խորհրդարանում` հրաժարվում է մասնակցել դրա աշխատանքներին: Հավանաբար, քաղաքական այդ ավանդույթը փոխելու հնարավորություն կա, երբ ընդդիմադիրները կհանդիպեն կոալիցիայի հետ ոչ միայն հրապարակում, այլ նաև խորհրդարանում»,- ասաց նա:

Օգոստոսի 9-ին Երևանի կենտրոնում ՀԱԿ-ի ակտիվիստների և ոստիկանության աշխատակիցների միջև միջադեպ է տեղի ունեցել, որից հետո յոթ ընդդիմադիրներ ձերբակալվել են։ Նրանց նկատմամբ հարուցվել է քրեական գործ Հայաստանի ՔՕ «Խուլիգանություն» և «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնի գործողություններ կիրառելը» հոդվածներով։ Օգոստոսի 12-ին դատարանի որոշմամբ յոթ ձերբակալվածներից երեքը դատապարտվել են երկու ամիս ազատազրկման, մնացածն ազատվել են դատարանի դահլիճից (նրանցից մեկը՝ քաղաքից չհեռանալու ստորագրությամբ)։

Երկխոսության աշխատանքային խմբերի հինգերորդ հանդիպումն անցկացվել է օգոստոսի 16-ին Երևանում:

Հայաստանի խորհրդարանական հերթական ընտրությունները պետք է անցկացվեն 2012 թվականի մայիսին, իսկ նախագահականը՝ 2013 թվականի փետրվարին: -0-