«Իմ պատմությունը» խորագրով վիզուալ արվեստի մրցույթ է մեկնարկում Երևանում և Գյումրիում

19.07.2011, 18:35
«Իմ պատմությունը» խորագրով վիզուալ արվեստի մրցույթ է մեկնարկում Երևանում և Գյումրիում
«Իմ պատմությունը» խորագրով վիզուալ արվեստի մրցույթ է մեկնարկում Երևանում և Գյումրիում

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. «Իմ պատմությունը» խորագրով վիզուալ արվեստի մրցույթը, որը կազմակերպվել է «Ակտուալ արվեստ» մշակութային միության կողմից, մեկնարկում է Երևանում և Գյումրիում, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին կազմակերպության մամուլի ծառայությունից:

Ինչպես նշվում է մամուլի հաղորդագրության մեջ, մրցույթն իրականացվում է Համաշխարհային բանկի Քաղաքացիական հասարակության հիմնադրամի դրամաշնորհի միջոցներով:

«Մրցույթի առարկան մարդն է ու իր ճակատագիրը, ով արդեն 20 տարուց ավելի ապրում է չլուծված խնդիրների կիզակետում», - նշվում է տեղեկատվության մեջ:

Մրցույթի նպատակն է վեր հանել մոռացության մատնված աղետի գոտու հիմնահարցերը, և հասարակական լայն քննարկումների միջոցով, ուշադրության կենտրոնում պահել դրանք:

1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ։ Աղետը  հիմնովին ավերեց Հայաստանի հյուսիսում գտնվող երկու քաղաք՝ Սպիտակն ու Լենինանականը (այժմյան Գյումրին), ավելի քան հարյուր գյուղ։ Եվս մի քանի քաղաքներ  ավերվեցին մասամբ։ Այդ օրը, ըստ պաշտոնական տվյալների, զոհվեց 25 հազ. մարդ:

Մրցույթը ներառում է. պլակատ, ծաղրանկար, կոմիքս, անիմացիա, ֆլեշ-բացիկներ, բջջ. հեռախոսի ֆիլմեր, լուսանկար և այլ վիզուալ միջոցներ:

Մրցույթին կարող են մասնակցել 16 և բարձր տարիքի անձինք: Լավագույն աշխատանքները կցուցադրվեն Գյումրիի ու Երևանի ցուցահանդեսներում, կհրատարակվեն կատալոգում, օն-լայն և տպագիր մամուլում:

Ցուցահանդեսի մասնակիցներին կտրվեն վկայականներ:

Ծրագրի շրջանակներում Գյումրիում և Երևանում ցանկացողների համար կանցկացվեն կոմիքսի վարպետության դասեր դանիացի առաջատար մասնագետների կողմից; Դասընթացները կանցկացվեն օգոստոսի 11 և 12-ին Գյումրիում (օրական 6 ժամ տևողությամբ) և օգոստոսի 15,16, 17-ին Երևանում (օրական 4 ժամ տևողությամբ): Վարպետության դասընթացին մասնակցությունը մրցութային է: Հայտերը ընդունվում են մինչև օգոստոսի 1-ը:-0-