Երևանը մեղադրել է Բաքվին՝ ղարաբաղյան կարգավորման բանակցությունները ձախողելու ցանկության մեջ

14.07.2011, 16:24
Երևանը մեղադրել է Բաքվին՝ ղարաբաղյան կարգավորման բանակցությունները ձախողելու ցանկության մեջ

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/.  Առանց հիմնարար սկզբունքների համաձայնեցման անմիջապես ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ համաձայնագրի աշխատանքին անցնելու՝ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի առաջարկը փաստացիորեն վերջին տարիների բանակցային գործընթացը տապալելու ցանկություն է, Լոնդոնի Ռազմավարական ուսումնասիրությունների միջազգային ինստիտուտում ելույթ ունենալով` ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը։

Հուլիսի 13-15-ը Նալբանդյանն այցով գտնվում է Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում։

«Ադրբեջանական ղեկավարության կողմից արդեն երկու տարի հնչեցվող այդ գաղափարի վերաբերյալ եռանախագանները հայտնել են իրենց կարծիքը, որ եթե Ադրբեջանը չի կարող պայմանավորվել հիմնարար սկզբունքների շուրջ, ապա ինչպե՞ս կարելի է խոսել խաղաղ համաձայնագրի մշակման մասին»,- ասել է Նալբանդյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունն առ այն, որ իմաստ չկա ժամանակ ծախսել հիմնարար սկզբունքների համաձայենցման վրա, և ճիշտ կլինի անցնել միանգամից խաղաղ պայմանագրի մշակմանը։

Ըստ ՀՀ ԱԳՆ ղեկավարի՝ Ադրբեջանի այս մոտեցումը ակնհայտ ցանկություն է՝ ձերբազատվել եռանախագահների կողմից ներկայացված հիմնարար սկզբունքներից և փաստորեն տապալել վերջին տարիների բանակցային գործընթացը:

ՀՀ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է՝ որ 2009թ.-ին Պրահայում համաձայնեցվել է Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակը, և այն ենթադրում է, որ մինչև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հաստատումն այն կպահպանի իր ներկա կարգավիճակը։ 2009թ.-ի մայիսին Պրահայում ԵՄ «Արևելյան գործընկերություն» գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահանների հանդիպումը։

«Մինչև վերջնական կարգավիճակի որոշումը ԼՂ-ն ունենալու է միջանկյալ կարգավիճակ, որը պետք է միջազգայնորեն ամրագրվի, և դա հենց այն է, ինչն առաջարկել են եռանախագահները և ինչին համաձայնվել է Ադրբեջանի ղեկավարը 2009 թ. մայիսին Պրահայում, առ այն, որ ԼՂ միջանկյալ կարգավիճակ նշանակում է «status quo plus»»,- ասել է Նալբանդյանը։

Օրերս Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի առթիվ Մադրիդյան սկզբունքների դրության մասին խոսեցին նաև Բաքվում։ Այդ թեմային անդրադարձան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և նրա վարչության աշխատակից Ալի Հասանովը։ Անմիջապես մեկ օր անց ԱԳՆ մամուլի քարտուղար Էլհան Պոլուխովը հերքեց տվյալ դրության գոյությունը՝ այն անհեթեթ անվանելով։

Խոսելով Մադրիդյան սկզբունքների մասին՝ Նալբանդյանը լսարանի ուշադրությունը կենտրոնացրեց այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը միշտ փորձում է աղավաղել դրանց էությունը և կիսով չափ ներկայացնել դրանց դրույթները։

«Նրանք ասում են, որ մադրիդյան սկզբունքները, որոնք ներկայացվել են կողմերին 2007 թ. Նոյեմբերին, կազմված էին միայն մի քանի պարբերությունից և կրում էին շատ ընդհանրական բնույթ: Ուղղակի կարելի է հիշեցնել, որ 2007 թ. Մադրիդում ներկայացված փաստաթուղթը՝ կարգավորման հիմնարար սկզբունքները, կազմված էր տասնչորս կետից, ինչպես և տասնչորս կետից է բաղկացած 2011 թ. հունիսին ներկայացված վերջին տարբերակը: Հիշեցնեմ նաև, որ 2007 թ. նոյեմբերից հետո շուրջ մեկ տարի, Բաքուն հրապարակայնորեն պնդում էր, որ մադրիդյան փաստաթղթի հիման վրա բանակցություններ չեն վարվում»,- ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հայտարարություններում (ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիա) բազմիցս նշվել է, որ կայնուն կարգավորումը պետք է հիմնվի մի շարք սկզբունքների վրա, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձ Ադրբեջանին; Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ; Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ցամաքային կապի ապահովումը: Այդ սկզբունքների թվում են նաև՝  Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանումը՝ ազատ կամարտահայտության միջոցով,

անվտանգության երաշխիքների տրամադրումը: Այդ սկզբունքները համապատասխանում են մադրիդյան սկզբունքների հիմնարար կետերին:--0--