Հայաստանի ու Ռուսաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության շոշափելի աճ է արձանագրվել. Սարգսյան
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ու Ռուսաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության շոշափելի աճ է արձանագրվել, ուրբաթ Դոնի Ռոստովում հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Հանձնաժողովի նախորդ` 12-րդ նիստից հետո ընկած ժամանակահատվածում մեր երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության շոշափելի աճ է արձանագրվել: Այսպես, Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը 2010 թվականին աճել է ավելի քան 10 տոկոսով և հասել գրեթե 1 միլիարդ դոլարի: Իսկ ընթացիկ տարվա առաջին չորս ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ առևտրաշրջանառությունը մեր երկրների միջև ավելացել է 13 տոկոսով», - նշել է նա հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստի ընթացքում, տեղեկացրեցին ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:
Սարգսյանը նշել է, որ մեծ ուշադրության է արժանի հայկական ապրանքների արտահանման տեմպերի աճը ռուսական շուկա, որը 2010 թվականին աճել է ավելի քան 40 տոկոսով, ընթացիկ տարվա առաջին չորս ամիսների ընթացքում արձանագրվել է այս ցուցանիշի աճ` 27 տոկոսով:
Վարչապետը վստահություն է հայտնել, որ երկկողմ տնտեսական ներուժը մեծ է, և լավ հնարավորություններ կան խորացնելու համագործակցությունը, ինչպես արդյունաբերության մի շարք ճյուղերի, այնպես էլ գյուղատնտեսության, տուրիզմի և տնտեսության այլ ոլորտներում:
«Մեր երկրների հետագա համագործակցության խորացման նպատակով ներկայումս անհրաժեշտ է ամրապնդել փոխադարձ կապերը և կարգավորել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող նոր ներդրումային ծրագրերի իրականացումը», - ընդգծել է Սարգսյանը:
ՀՀ վարչապետը նշել է, որ հայ-ռուսական տնտեսական համագործակցության շրջանակում առկա է փոխադարձ հետաքրքրվածություն բոլոր ոլորտներում, ինչը խթան է հանդիսանում երկու երկրների միջև բիզնես կապերի զարգացման համար:-0-