Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը մինչև 2044 թվականը երկարացնելու մասին արձանագրությունն ուժի մեջ է մտել

06.07.2011, 14:39
Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը մինչև 2044 թվականը երկարացնելու մասին արձանագրությունն ուժի մեջ է մտել
Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը մինչև 2044 թվականը երկարացնելու մասին արձանագրությունն ուժի մեջ է մտել

Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման մասին պայմանագրի գործողության  արձանագրությունը երկարացվել է մինչև 2044 թվականը, չորեքշաբթի ՌԴ և Հայաստանի ԱԳՆ ղեկավարները Մոսկվայում համապատասխան վավերացնող փաստաթղթեր փոխանակեցին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Այդ արձանագրությունը ստորագրվել է Դմիտրի Մեդվեդևի՝ Երևան կատարած այցի ժամանակ և բավականին կարճ ժամանակահատվածում ոչ միայն գործադիր, այլ նաև օրենսդիր ճյուղերը շատ համահունչ աշխատեցին, և այսօր մենք արդեն վավերացնող փաստաթղթեր ենք փոխանակում։ Այսօրվանից այդ արձանագրությունն ուժի մեջ կմտնի»,- ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքում։

Հայաստանը և Ռուսաստանը նախորդ տարվա օգոստոսին արձանագրություն էին ստորագրել Գյումրիի ռուսական ռազմակայանի մասին 1995 թ.-ին ստորագրված երկկողմ պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու մասին, որոնք վերաբերում են փաստաթղթի գործողության ժամկետի երկարացմանը: 1995 թ.-ին ստորագրված պայմանագրի գործողության ժամկետը 25 տարի էր, այժմ փաստաթուղթը գործելու է 49 տարի՝ սկսած 1995 թ.-ից: Փաստաթղթի համաձայն` պայմանագրի գործողության ժամկետն ավտոմատ կերպով երկարացվելու է հաջորդող հնգամյակով, եթե կողմերից ոչ մեկը պայմանագրի գործողության հերթական ժամկետի լրանալուց վեց ամսից ոչ ուշ գրավոր կերպով չտեղեկացնի մյուս կողմին ռազմաբազայի գործողության ժամկետի դադարեցման վերաբերյալ իր մտադրության մասին:

Հայաստանի հյուսիսում գտնվող Գյումրի քաղաքում 1995 թ.-ից տեղակայված է ռուսական 102-րդ ռազմաբազան, որը մարտական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ հակաօդային պաշտպանության միասնական համակարգի շրջանակներում: Բազան ՌԴ Հյուսիսկովկասյան ռազմական օկրուգի Անդրկովկասյան ռուսական զորախմբի ենթակայության տակ է գտնվում: Բազան զինված է С-300 զենիթահրթիռային համալիրով և ՄիԳ-29 կործանիչներով: Բազայի անձնակազմը շուրջ 5 հազար մարդ է ներառում:

Քանի որ ռուսական ռազմաբազան Հայաստանի տարածքում իր տեղակայման ժամանակաընթացքում բացի Ռուսաստանի Դաշնության շահերի պաշտպանության գործառույթների իրականացումից Հայաստանի Զինված ուժերի հետ համատեղ ապահովում է նաև Հայաստանի անվտանգությունը, ռուսական կողմը, փաստաթղթի համաձայն, պարտավորվում է հայկական կողմին զինել ժամանակակից սպառազինությամբ, ռազմական (հատուկ) տեխնիկայով:

Բացի այդ, ռուսական ռազմաբազայի ռազմական միավորումների կիրառումն իրականացվելու է կողմերի փոխադարձ պայմանավորվածությունների հիման վրա:

Հայաստանի տարածքում ՌԴ ռազմակայանի տեղակայումն իրականացվում է օտարերկրյա պետությունների հետ ռազմատեխնիկական համագործակցության մասին երկու երկրների օրենսդրությունների շրջանակներում: Միաժամանակ բազայի ռազմատեխնիկական ապահովումը նախկինի պես իրականացվելու է ՌԴ պաշտպանության նախարարության բյուջետային միջոցներից:-0-