Ախթալայի լեռնահարստացնող կոմբինատի սեփականատեր, Հայաստանի վարչապետի նախկին խորհրդական, մանկապղծության մեջ մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանի նկատմամբ դատական առաջին նիստը կսկսվի Լոռու մարզում։
Ինչպես հաղորդում է «Դատալեքս» տեղեկատվական համակարգը, Լոռու մարզի ընդհանուր ատյանի դատարանում կայանալիք նիստը կվարի դատավոր Մուշեղ Հարությունյանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Գործը լայն արձագանք է գտել Հայաստանում։ Հանրապետության գլխավոր դատախազությունը հունիսի 9-ին հաստատել է Տեր-Պողոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործի մեղադրական եզրակացությունը և նյութերն ուղարկել է դատարան։
2004-2010թթ. ընթացքում իր հետ համասեռամոլությամբ զբաղվելու ու սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելու համար Ախթալա քաղաքի անչափահասներից, սեռական ոտնձգության զոհերի հարմար թեկնածուներ ընտրելու նպատակադրվածությունից ելնելով, տարբեր պատրվակներով, այդ թվում` նրանց հանգիստը սկաուտական ճամբարներում և արշավներում կազմակերպելու, դպրոցներում և սպորտային խմբակներում հանդիպումներ անցկացնելու ընթացքում կատարել է դիտարկումներ, այդ թվում` կինո և ֆոտո նկարահանումներ, ընտրել առավել խոցելի` նյութապես անապահով խավի ծնողազուրկ, հիմնականում հայր չունեցող, բարետես արտաքինով տղաների, որոնց առաջին իսկ հանդիպման ժամանակ գայթակղելու համար նրանց անհատույց տվել է մինչև 100.000 դրամի հասնող գումարներ (մոտ 300 դոլար):
«Դիտարկումների արդյունքում ընտրված մի շարք անչափահաս, այդ թվում` սեռական հասունության չհասած տղաների հետ, նրանց կամքին հակառակ, օգտագործելով անօգնական վիճակը` կարիքավոր դրությունը, տարիքով պայմանավորված հոգեբանական խոցելիությունը և իր ազդեցիկ դիրքից առաջացած վախի զգացողությունը, զբաղվել է համասեռամոլությամբ և սեքսուալ բնույթի այլ գործողություններով»,- ասվում է Գլխավոր դատախազության հաղորդագրությունում։
Հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում Սերոբ Տեր-Պողոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքը (նախատեսում է ազատազրկում մինչև 3 տարի ժամկետով) վերաորակվել է, և վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 3-րդ մասով (նախատեսում է ազատազրկում համապատասխանաբար 4-10 և 8-15 տարի ժամկետով):
Ինքը Տեր-Պողոսյանը հերքել է իր հասցեին հնչող մեղադրանքները և հայտարարել է իրավապահ մարմիններին դիմելու մտադրության մասին իր դեմ կազմապերած «կլոունադայի» հեղինակներին և պատվիրատուներին բացահայտելու պահանջով։ -0