ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ-ի հետ համագործակցությունը կօգնի բարձրացնել Հայաստանի կենսաբանական անվտանգության մակարդակը, չորեքշաբթի Արտակարգ իրավիճակների արձագանքման միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստի ժամանակ ասաց ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Սեյրան Ազարյանը:
«Այդ համագործակցությունը կօգնի նաև օրենսդրական մակարդակում կատարելագործել կենսաբանական ահաբեկչությանը դիմակայությունը»,- ասաց Ազարյանը:
ՀՀ կառավարությունը 2010թ. օգոստոսի 26-ին հավանության է արժանացրել ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի հետ ՀՀ ԱԻՆ-ի «Կենսաբանական զենքերի ստեղծման մեջ օգտագործվելիք տեխնոլոգիայի ախտածինների և փորձառության տարածման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի կնքումը։
Ազարյանի խոսքով, ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի հետ կնքած համաձայնագիրը նախատեսում է էլեկտրոնային համակարգերի ներդրում՝ ինֆեկցիոն հիվանդների զննման, տեխնիկայի նորագույն նվաճումների հաշվին դիագնոստիկ լաբորատորիաների կատարելագործման համար, ինչը կօգնի այդ լաբորատորիաների մասնագետների պրոֆեսիոնալիզմի աճին:
«Հայաստանում ԱՄՆ դեսպանատանն առընթեր արդեն ստեղծվել է կենսաբանական սպառնալիքների նվազեցման ծրագրի իրականացման աջակցման գրասենյակ, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ԱՄՆ-ում կլրջորեն են վերաբերվում այս ծրագրին»,- ասաց Ազարյանը՝ ավելացնելով, որ այս ոլորտում հայկական կողմը շատ պասիվ է:
«Մենք պետք է հասկանանք, որ կենսաբանական սպառնալիքների նվազեցման ծրագիրը կարևոր գործոն է երկրի ազգային անվտանգության մակարդակը բարձրացնելու համար»,- ասաց նա:
Ազարյանն առաջարկեց միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծել՝ Հայաստանում կենսաբանական սպառնալիքները կանխատեսելու և կանխարգելելու համար: Այդ կապակցությամբ արտակարգ իրավիճակների արձագանքման միջգերատեսչական հանձնաժողովը որոշում ընդունեց մեկ ամսում դիտարկել միջգերատեսչական աշխատանքային խմբի ստեղծման վերաբերյալ բոլոր առաջարկները:-0-