Աստրախանյան հանդիպման միակ մինուսը ղարաբաղյան կողմի չմասնակցելն է. քաղաքագետ

02.11.2010, 17:14
Աստրախանյան հանդիպման միակ մինուսը ղարաբաղյան կողմի չմասնակցելն է. քաղաքագետ

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների աստրախանյան հանդիպման ժամանակ հայկական կողմի համար միակ մինուսն այդ հանդիպմանը Ղարաբաղի չմասնակցելն է, կարծում է «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության ղեկավար, քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանը:

«Սակայն դրան էլ պետք է ավելի մեղմ վերաբերվել, քանի որ գործընթացը տարվում է հումանիտար դաշտում, և Հայաստանը միշտ կարող է ասել, որ խոսքը  բանակցությունների կամ քաղաքական կարգավորման տարրերի մասին չէ, հակառակ դեպքում նա առաջ կմղեր Լեռնային Ղարաբաղին», - ասաց Բեքարյանը:

Միաժամանակ նա չափազանց դրական գնահատեց աստրախանյան հանդիպումը՝ կարևորելով ԵԱՀԿ մյուս համանախագահ-երկրների՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արձագանքները:

Փորձագետի խոսքերով՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արձագանքները ցույց են տալիս նրանց դիրքորոշման հետ Ռուսաստանի գործողությունների համաձայնեցվածությունը և Մոսկվայի կողմից ղարաբաղյան հարցը մենաշնորհային դարձնելու բացակայությունը:

Խոսելով դեկտեմբերի 1-2-ը կայանալիք ԵԱՀԿ-ի գագաթնաժողովի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման քննարկման մասին՝ Բեքարյանը ընդգծեց, որ որևէ կտրուկ փոփոխություն չի սպասվում:

Միաժամանակ փորձագետն ընդգծեց, որ ռազմական հայտարարություններով հանդես եկող և ԼՂՀ-ի հետ շփման գծին լարվածություն ստեղծվող Ադրբեջանը Աստանայում կրկին կստորագրի հակամարտության կարգավորման երեք հիմնարար սկզբունքների տակ, որոնք նախատեսում են ազգերի ինքնորոշման իրավունքը, ուժի չկիրառումն ու տարածքային ամբողջականությունը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-