Հայաստանի իշխող կոալիցիան նպատակահարմար չի համարում խախտել ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում ընթացող ղարաբաղյան խնդրով բանակցությունները

28.10.2010, 20:01
Հայաստանի իշխող կոալիցիան նպատակահարմար չի համարում խախտել ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում ընթացող ղարաբաղյան խնդրով բանակցությունները
Հայաստանի իշխող կոալիցիան նպատակահարմար չի համարում խախտել ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում ընթացող ղարաբաղյան խնդրով բանակցությունները

Հայաստանի իշխող կոալիցիան նպատակահարմար չի համարում խախտել ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում ընթացող ղարաբաղյան խնդրով բանակցությունները, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը:

Հայաստանի խորհրդարանը հինգշաբթի միաձայն կերպով որոշում ընդունեց մինչև դեկտեմբերի 9-ը հետաձգել «ԼՂՀ անկախության ճանաչման մասին» «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության կողմից առաջարկված օրինագծի քվեարկությունը: Քվեարկությունը հետաձգվել է կոալիցիոն կուսակցությունների առաջարկով դեկտեմբերի 1-2-ը Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովի համատեքստում:

Ինչպես նշեց խմբակցության ղեկավարը, նման հարցերի քվեարկությունը չի կարող ինքնանպատակ լինել:

Նա ընդգծեց, որ դեկտեմբերին Աստանայում կայանալիք գագաթնաժողովի ընթացքում կշարունակվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններն, ու հնարավոր է  քաղաքական իրավիճակի փոփոխություն՝  ինչից ելնելով իշխող կոալիցիան որոշում կընդունի օրինագծի քվեարկության մասին:

«Մենք խնդրեցինք հետաձգել քվեարկությունը մինչև երկու ամիս ժամկետով Աստանայում կայանալիք գագաթնաժողովի կապակցությամբ, և մեր քվեարկությունը կախված կլինի բանակցությունների ելքից: Եթե մենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ բանակցությունների ձախողում արձանագրենք, ապա օրինագծին «կողմ» կքվեարկենք, իսկ եթե գործընթացներն արդյունավետ հունով ընթանան, ապա, բնականաբար, կղեկավարվենք բանակցային գործընթացի իրականացման առաջնահերթությամբ», - ասաց Սահակյանը:

Միաժամանակ նա նշեց, որ բացասական արդյունքներ չի ակնկալում Աստանայում կայանալիք հանդիպումից, քանի որ այսօր Հայաստանի դիրքորոշումն ավելի ամուր է, քան Ադրբեջանինը:

«Խաղի այն կանոնները, որոնք մենք 1992 թ.-ից ընդունել ենք ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում, այս պահին նպատակահարմար չենք համարում խախտել, և կարծում եմ, որ Աստանայից մենք ավելի լավ արդյունքներով դուրս կգանք», - ասաց Սահակյանը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-