ԱՊՀ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների նիստն է անցկացվում Երևանում
Չորեքշաբթի Երևանում անցկացվում է ԱՊՀ Մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 52-րդ նիստը:
Ինչպես նիստի բացման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, նման նիստերը՝ որպես օրենք, անցկացվում են Ռուսաստանում, սակայն արդեն երրորդ անգամ նիստն անցկացվում է Երևանում, ինչն ընդգծում է ԱՊՀ երկրների մաքսային կառույցների հետ համագործակցելու Հայաստանի շահագրգռվածությունը:
Նա նշեց, որ մաքսային խախտումների կանխմանն ուղղված համաձայնեցված օպերատիվ միջոցառումների անցկացման մեխանիզմ է մշակվում: «Մաքսային ծառայությունների գործունեության մեջ պետք է առաջնահերթ տեղ զբաղեցնեն մաքսային խախտումների և կոռուպցիայի, կեղծված ապրանքների դեմ պայքարը, մաքսային գնի որոշման և ռիսկերի կառավարման հետ կապված հարցերը, ինչպես նաև տեղեկատվության փոխանակումը», - ասաց Սարգսյանը:
Հայաստանի պետեկատումների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանն իր հերթին ասաց, որ նման նիստերի անցկացումը հնարավորություն է ստեղծում տեղում ծանոթանալ ընդունող պետության մաքսային ծառայությունների աշխատանքի և Մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի որոշումների իրագործմանը:
«Չեմ կասկածում, որ այս նիստը ևս մեկ քայլ կդառնա դեպի Համագործակցության երկրների մաքսային ծառայությունների միջև համագործակցության խորացում և արդյունավետության բարձրացում՝ հաշվի առնելով այն փաստը, որ վերջերս ավելի կարևոր նշանակություն են ձեռք բերում մեր պետությունների մաքսային ծառայությունների միջև ինտերգացիոն կապերը», - ասաց Խաչատրյանը:
Նիստին մասնակցում են Ռուսաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի և Հայաստանի համապատասխան մարմինների փորձագետներն ու ղեկավարները: Նիստի օրակարգում տասնյակից ավելի հարց է ներառված, որոնց թվում են մաքսային ոլորտում միջազգային իրավական բազայի վերանայումը, մաքսային ընթացակարգերի կատարելագործման նպատակով ռիսկերի կառավարման, ԱՊՀ երկրների մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների փոխադրման մասին նախնական տեղեկատվության փոխանակման գործընթացի կազմակերպման համակարգի կիրառումը:
ԱՊՀ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհուրդը ստեղծվել է 1993-ի դեկտեմբերի 23-ին «Տնտեսական խորհրդի ստեղծման մասին» պայմանագրի դրույթների իրականացման համար։ Հետագայում ԱՊՀ շրջանակներում ընդունվել են մի քանի միջպետական և միջկառավարական համաձայնագրեր, մասնավորապես՝ 1994 թ.-ի ապրիլի 15-ին ընդունվել է տնտեսական ազատ գոտու ստեղծման մասին համաձայնագիրը:
Խորհրդի հիմնական նպատակն է տնտեսական ինտեգրման խորացումը, ԱՊՀ երկրների մաքսային ծառայությունների գործողությունների համակարգումը, մաքսային օրենսդրության ներդաշնակեցումն ու միասնական մաքսային ծառայությունների ստեղծումը:-0-