ՀՀ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ լայն քննարկումներ կանցկացվեն նոյեմբերին. պատգամավոր

26.10.2010, 18:46
ՀՀ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ լայն քննարկումներ կանցկացվեն նոյեմբերին. պատգամավոր

ՀՀ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ լայն քննարկումներ կանցկացվեն նոյեմբերին՝ Վենետիկի հանձնաժողովի փորձագետների մասնակցությամբ, ասաց ՀՅԴ Գերագույն Մարմնի ներկայացուցիչ, արտաքին հարաբերությունների մշտական խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Արմեն Ռուստամյանը։

Ըստ նրա՝ փոփոխությունների ներկա փաթեթը կոալիցիայի նախաձեռնությունն է, այլ ոչ աշխատանքային խմբի գործունեության արդյունք, այդ պատճառով խորհրդարանական ընդդիմությունը մշակել և ԵԽ Վենետիկի հանձնաժողով է ուղարկել փոփոխությունների փաթեթը։

Ռուստամյանը նշեց, որ Հայաստան Եվրախորհրդի ներկայացուցիչների այցի ժամանակ իշխանությունների ներկայացուցիչների հետ՝ առանց իրենց մասնակցության, ընդդիմադիր փաթեթի քննարկման փորձ է ձեռնարկվել։

Նա նշեց, որ Դաշնակցությունը շարունակում է պնդել ընտրատեղամասերում   ընտրազանգվածի հաշվառման մատյանների թափանցիկության ապահովումը, ընտրողների ստորագրությունների և քվեատուփ նետած ծրարների թվի  համեմատումը։ Ռուստամյանն ասաց, որ ՀՅԴ-ն մտադիր է հրապարակել իր առաջարկները, որպեսզի բացառի այն շահարկումները, որ Դաշնակցությունն իբրև  հրաժարվում է իր առաջարկություններից։

Նա ավելացրեց, որ Հայաստանը պետք է նախորդ ընտրություններից եզրակացություններ անի և ճիշտ մակարդակով ընտրական գործընթաց ապահովի։ Ռուստամյանն ասաց, որ Դաշնակցությունը խորհրդարանական (2012) և նախագահական (2013) ընտրությունները որպես մի ամբողջականություն է դիտարկում, քանի որ դրանք միմյանց են հաջորդում։ Նա հույս հայտնեց, որ այն թերությունները, որոնք կգրանցվեն խորհրդարանի ընտրություններում, նախագահական ընտրությունների ժամանակ կվերացվեն։

Միաժամանակ նա նշեց, որ ձայների տոկոսի մասին առանձին կուսակցությունների խոսակցությունները, ժողովրդի մոտ անհարգալից վերաբերմունք են առաջացնում։ «Եթե մենք որոշել ենք, թե ով որքան կստանա, նշանակում է, որ մենք որպես գործոն բացառում ենք ժողովրդին և չենք հավատում, որ ընտրողը կգա և կքվեարկի»,- ասաց նա:

ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծն արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով։ Ներկայումս այն քննարկման փուլում է գտնվում։ ԸՕ-ի փոփոխությունները նախատեսված են ԵԽԽՎ բանաձևի կատարման Հայաստանի  պարտավորություններով։ -0-