Հայերն իբրև ազգ գոյություն ունեն առնվազն 8 հազար տարի. ՀՀ նախագահ

18.10.2010, 11:09
Հայերն իբրև ազգ գոյություն ունեն առնվազն 8 հազար տարի. ՀՀ նախագահ
Հայերն իբրև ազգ գոյություն ունեն առնվազն 8 հազար տարի. ՀՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շաբաթ օրը սփյուռքահայ լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում ասել է, որ վերջերս օտարերկրացի գենետիկների և լեզվաբանների մի մեծ գիտական խմբի կողմից անցկացված ուսումնասիրության համաձայն պարզվել է, որ հայերն իբրև ազգ գոյություն ունեն առնվազն 8 հազար տարի:

«Գենետիկների և լեզվաբանների մի մեծ գիտական խումբ, որտեղ չկա ոչ մի հայ, բարդ ու տևական ուսումնասիրություն է կատարել: Ըստ վերջին արդյունքների՝ հայոց լեզուն առնվազն 8 հազար տարվա պատմություն ունի: Սա նշանակում է, որ մենք իբրև ազգ գոյություն ունենք առնվազն 8 հազար տարի», - մեջբերեցին ՀՀ նախագահի խոսքերը ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

«Այս ընթացքում մեր դեմ ճոռոմ-ճոռոմ խոսել են շատերը, այդ թվում և ավելի շատ տարածք, ավելի մեծ գլխաքանակ և ավելի շատ փող ունենալու դիրքերից: Այո, նրանց հաջողվել է մեզ տկարացնել, բայց նրանց բացարձակ մեծամասնությունն այսօր չկա, լքել է պատմության թատերաբեմը, բայց մենք շարունակում ենք մեր ճանապարհը` հանգիստ ու վստահ, որովհետև դեռ անելիք ունեք առնվազն առաջիկա 8 հազար տարիներին», - ասել է Սարգսյանը:-0-