Վթարների ռիսկերի նվազեցման համաշխարհային օրն է նշվում չորեքշաբթի Հայաստանում։
«Վերջին տասնամյակներում բնական աղետները հաճախակի են դարձել։ Դրա հնարավոր պատճառներից մեկը կարող է լինել այն հանգամանքը, որ բնակչության թվաքանակը մոլորակում ավելանում է, և մարդիկ սկսում են բնակվել ապրելու համար չնախատեսված և կյանքի համար ռիսկային տարածքներում»,- ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում տեղի ունեցած խորհրդաժողովի ընթացքում ասաց ՄԱԿ-ի համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Լեյլի Մոշիրին։
Նրա խոսքերով՝ այս կապակցությամբ ՄԱԿ-ը «Քաղաքների կայունության ապահովումը. իմ քաղաքը պատրաստվում է» խորագրով արշավ է նախաձեռնել, որի նպատակը հենց քաղաքներում աղետների ռիսկերի կանխարգելումն է։
«Քաղաքներն իրենց խիտ բնակչությամբ մեր ժամանակներում հատկապես վտանգի են ենթարկվում։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որ քաղաքային կառավարման մարմինները զարգացման իրենց ծրագրերի շրջանակներում հատուկ տեղ տան այս խնդրին»,- ասաց Մոշիրին։
Նա ընդգծեց, որ բնական երևույթները հնարավոր չէ կանխել, բայց կարելի է այնպես անել, որ դրանք չվերածվեն աղետների։
«Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի կառավարության ջանքերն աղետների ռիսկերի նվազեցման վերաբերյալ»,- նշեց Հայաստանում ՄԱԿ-ի համակարգողի պաշտոնակատարը։
Հոկտեմբերի կեսին Հայաստանում Աղետների ռիսկերի նվազեցման համաշխարհային օրվան նվիրված խորհրդաժողովը կազմակերպվել է ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի, Հայաստանի ԱԻՆ ու կրթության և գիտության նախարարությունների կողմից։ -0-