ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի օմբուդսմեն Արմեն Հարությունյանն ուրբաթ լրագրողներին ասաց, որ պաշտոնական նամակներ է ուղղել Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգին և Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեին Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ քաղաքացու մահվան հարցը պարզաբանելու համար։
Ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում անելով Պաշտպանության նախարարությանն ու զինվորական դատախազությանը, հաղորդագրություն են տարածել, որի համաձայն սեպտեմբերի 11-ին գերի վերցված Մանվել Սարիբեկյանը հոկտեմբերի 5-ին իբր ինքնասպանություն է գործել։
«Նամակներում խոսվում է միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների մի շարք աղաղակող փաստերի մասին»,- ասաց Հարությունյանը։
Մասնավորապես, նրա խոսքերով, Սարիբեկյանը քաղաքացիական անձ էր, ում ներկայացրել են որպես գերի «դիվերսանտ»։
«Միջազգային մարդասիրական իրավունքի տեսանկյունից քաղաքացիական անձը չի կարող գերի լինել»,- նշեց օմբուդսմենը։
Բացի այդ, նա նշեց, որ ԿԽՄԿ ներկայացուցիչներին չհաջողվեց այցելել Հայաստանի քաղաքացուն 25 օրվա ընթացքում։
Օմբուդսմենը նշեց նաև, որ իր ադրբեջանցի գործընկերը կտրականապես հրաժարվում է համագործակցել հայկական կողմի հետ, իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարության կամ ԱԳՆ-ի հետ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը չի կարող աշխատել։
«Հետևաբար, մենք պետք է դիմենք միջազգային կառույցներին»,- ասաց Հարությունյանը։
Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը հայ գերիների նկատմամբ վերաբերմունքը նմանեցրել է ահաբեկչական կազմակերպություների գործունեությանը։
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է, թե ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների հրապարակած և համացանցում տարածված՝ իբր թե հայկական դիվերսիոն խմբի անդամներից մեկի` Մանվել Սարիբեկյանի հետ անցկացված հարցազրույցի տեսագրության մեջ հնչած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:-0-