«Ժամանակակից գենետիկայի դերը առողջապահության համակարգում» թեմայով խորհրդաժողվին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ռուս և ֆրանսիացի գենետիկներն անվճար խորհրդատվություններ կանցկացնեն, տեղեկացրեց Հայաստանի առողջապահության ազգային ինստիտուտի Բժշկական գենետիկայի կենտրոնի տնօրեն Թամարա Սարգսյանը:
Նրա խոսքով, այդ խորհրդատվությունները, ինչպես նաև գիտաժողովը կարևոր է ինչպես Առողջապահության ազգային ինստիտուտի, այնպես էլ Առողջապահության նախարարության համար, քանի որ Հայաստանում այսօր բժշկության այս ոլորտի մասնագետների պակաս է զգացվում:
Սակայն նրա կարծիքով, Հայաստանն այնքան էլ հետ չի մնում աշխարհից բժշկական գենետիկայի ոլորտում: «Իհարկե, այս ոլորտում որոշակի խնդիրներ կան, սակայն մենք հույս ունենք լրացնել դրանք գիտաժողովի ընթացքում»,- ասաց Սարգսյանը:
Ընդգծելով հայ մասնագետների համագործակցությունը արտասահմանյան երկրների առաջավոր մասնագետների հետ, նա ասաց, որ վերջին 10 տարում գենետիկան Հայաստանում հիյմնականում զարգացել է ռուս, իսկ ավելի ուշ ֆրանսիացի մասնագետների հետ համագործակցելու շնորհիվ:
Առողջապահության ազգային ինստիտուի նախաձեռնությամբ կազմակերպված գիտաժողովը կանցկացվի Երևանում հոկտեմբերի 5-8-ը: Գիտաժողովին կմասնակցեն Ռուսաստանի, Ֆրանսիայի և Շվեյցարիայի այս ոլորտի լավագույն մասնագետները:-0-