«Դարձ առ գիրք» գրքի միջազգային առաջին փառատոնը տեղի կունենա Երևանում

Հոկտեմբերի 1-7-ը Երևանում տեղի կունենա գրքի միջազգային «Դարձ առ գիրք» առաջին փառատոնը, որը նվիրված է հայկական տպագրության 500-ամյայի տոնակատարությանը։ Փառատոնը կանցկացվի ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի հովանու ներքո։
«Այս փառատոնը Հարավային Կովկասում նախադեպը չունի»,- ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց փառատոնի կազմակերպիչներից մեկը՝ Խնկո Ապոր անվան մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը։
Նա հայտնեց, որ փառատոնին մասնակցելու համար շուրջ 25 հրատարակչություն է հայտ ներկայացրել։ Փառատոնը նպատակուղղված է հասարակության կողմից գրքի արժևորմանը և կոչված է աջակցել Հայաստանի տպագրության ոլորտի զարգացմանը։
Տոնոյանը տեղեկացրեց, որ փառատոնի շրջանակներում հոկտեմբերի 1-3-ը Երևանի Ազատության հրապարակում գրքի ցուցահանդես կանցկացվի։
«Այնուհետև հեքիաթների ընթերցման շարք կանցկացվի, որի շրջանակներում Հայաստանում հավատարմագրած դեսպանները հայ երեխաներին իրենց ազգային հեքիաթները կկարդան»,- նշեց գրադարանի տնօրենը։
Բացի այդ, ըստ նրա՝ նոր գրքերի շնորհանդեսներ, ակցիաներ, սեմինարներ կանցկացվեն։
Առաջին հայկական տպարանը հիմնադրվել է Հակոբ Մեղապարտի կողմից Վենետիկում, իսկ հայերեն առաջին տպագիր գիրքը լույս է տեսել 1512թ.-ին։ Դա «Աստվածաշունչն» է եղել։ 16-17-րդ դդ.-ում հայ տպագրատներ ստեղծվել են ինչպես Եվրոպայում, այնպես էլ Ասիայում՝ Մարսելից և Ամստերդամից մինչև Կալկաթա և Մադրաս։ Կովկասում առաջին հայկական տպարանը հիմնվել է 1771թ.-ին Էջմիածնում։ -0-