Հայաստանի սփյուռքի նախարարության ավելի քան 20 աշխատակիցներ համալրեցին քաղաքացիական ծառայողների շարքերը
Հայաստանի սփյուռքի նախարարության 23 աշխատակից երեքշաբթի երդվեցին քաղաքացիական ծառայության անցնելու կապակցությամբ։
Ինչպես նշեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն արարողության ընթացքում, քաղաքացիական ծառայությունը յուրահատուկ ծառայություն է հայկական պետությանը և հայ ժողովրդին։
«Ձեզ վրա ավելի մեծ պատասխանատվություն է դրված, քանի որ դուք ծառայում եք ոչ միայն Հայաստանի քաղաքացիներին, այլև մեր հայրենակիցներին ողջ աշխարհում։ Սա շատ բարդ աշխատանք է»,- ասաց Հրանուշ Հակոբյանը։
Նրա խոսքերով՝ քաղաքացիական ծառայողը պետք է երեք կարևորագույն որակներով օժտված լինի՝ ազնվությամբ, պատասխանատվությամբ և աշխատասիրությամբ։
«Մենք բոլորս դեռ երիտասարդ ենք, մի ամբողջ կյանք ունենք առջևում, և լավ աշխատող դառնալու համար, նախևառաջ, պետք է լավ մարդ լինել»,- ընդգծեց Հակոբյանը։
Հայաստանի Քաղծառայության խորհրդի ղեկավար Մանվել Բադալյանն իր հերթին ընդգծեց, որ առանց որակյալ քաղաքացիական ծառայողների անհնար է որակյալ պետական համակարգի կայացումը։
«Քաղաքական ուժերի բաշխումից անկախ՝ դուք պետք է ծառայեք ձեր պետությանը և ժողովրդին, դա խնդիրների լուծման միակ ուղին է»,- ասաց նա։ -0-