ՀՀ ԱԽ-ն ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման ժամանակակից մեխանիզմների ստեղծման հույս ունի

18.09.2010, 16:58
ՀՀ ԱԽ-ն ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման ժամանակակից մեխանիզմների ստեղծման հույս ունի
ՀՀ ԱԽ-ն ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման ժամանակակից մեխանիզմների ստեղծման հույս ունի

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Փաստաթղթերի միասնական փաթեթի ընդունման դեպքում ՀԱՊԿ շրջանակում կձևավորվեն ճգնաժամային արձագանքման ժամանակակից մեխանիզմներ, ասել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը ՀԱՊԿ շրջանակում նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ընթացքում:

«Համաձայն օգոստոսի 20-ին Հայաստանում կայացած ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների` ՀԱՊԿ քարտուղարության կողմից մշակվել են կազմակերպության ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործմանն ուղղված փաստաթղթերի նախագծեր: Փաստաթղթերի միասնական փաթեթի ընդունման դեպքում ՀԱՊԿ շրջանակում կձևավորվեն ճգնաժամային արձագանքման որակապես նոր, գործուն և ժամանակակից մեխանիզմներ», - ասել է Բաղդասարյանը, ով գլխավորում է միջգերատեսչական հանձնաժողովը:

ՀԱՊԿ շրջանակում նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը սեպտեմբերի 18-ին գումարել է հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ,   Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործման ընդհանուր սկզբունքները քննարկվել են սեպտեմբերի 7-ին` ՀԱՊԿ քարտուղարությունում կայացած` կազմակերպության անդամ պետությունների անվտանգության խորհուրդների աշխատակազմերի ներկայացուցիչների խորհրդակցությունների ընթացքում:

Խորհրդակցությունների մասնակիցները տեղեկատվություն են փոխանակել ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի արդյունավետության բարձրացման հարցերի շուրջ կողմերի դիրքորոշումների մասին և առաջարկներ են ներկայացրել կազմակերպության գործունեությունը կարգավորող իրավական փաստաթղթերի սրբագրման և համալրման մասին:

Կարևոր սկզբունքներից է` Ճգնաժամային իրավիճակներում որոշումների արագ ընդունման մեխանիզմների սահմանումն ու կիրառումը: Դա նախատեսում է ընթացակարգերի պարզեցում, փաստաթղթերի շրջանառության արագացում, որոշումների ընդունման ժամկետների հնարավոր կրճատում, անհրաժեշտության դեպքում` հեռակա քվեարկության կազմակերպում, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ կազմակերպության կանոնադրական մարմինների արտահերթ նիստերի անցկացում տեսակոնֆերանսի միջոցով:-0-