Զալցբուրգի մասնագետները ձգտում են համագործակցություն զարգացնել հայագիտական ինստիտուտների հետ

17.09.2010, 17:08
Զալցբուրգի մասնագետները ձգտում են համագործակցություն զարգացնել հայագիտական ինստիտուտների հետ
Զալցբուրգի մասնագետները ձգտում են համագործակցություն զարգացնել հայագիտական ինստիտուտների հետ

Զալցբուրգյան «Պրո-Օրիենտե» հիմնադրամի՝ գիտնականներից, կրոնական և հասարակական գործիչներից բաղկացած պատվիրակությունն ուրբաթ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում հանդիպել է հանրապետության հայագիտական ինստիտուտների ներկայացուցիչների հետ՝ գիտական համագործակցության զարգացման հնարավորությունների քննարկման նպատակով:

Պատվիրակության ղեկավար, Զալցբուրգի արքեպիսկոպոս Ալոիզ Կոտգասերը կարևորել է միջազգային համագործակցությունը:

«Մենք օժանդակում ենք նմանատիպ նախաձեռնություններին և ուրախ կլինենք ավելի սերտ փոխգործակցություն հաստատել Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի հետ»,- ասաց նա:

Ըստ նրա՝ մշակույթի, լեզվի, կրոնի և պատմության պահպանման գործում կարևոր դեր են խաղում հետազոտական աշխատանքները, ինչով և զբաղվում է Հայաստանի ԳԱԱ-ն:

Արքեպիսկոպոս Կոտգասերը հայտնեց նաև, որ Արևելաքրիստոնեական հետազոտությունների զալցբուրգյան Մեյր Մելնհոֆ ինստիտուտում (Mayr-Melnhof Institute of eastern cristians studies) գործում է եկեղեցու կողմից ստեղծված հայագիտական բաժանմունք:

Բաժանմունքի ղեկավար Յասմին Դուն-Տրոգուտը (Jasmin Dun-Trogut) հայնտեց, որ հայագիտության բաժնում սովորում է 10-15 ուսանող՝ բոլորն ավստրիացիներ, ովքեր ուսումնասիրում են, մասնավորապես, Հայոց պատմություն, հայոց լեզու, մասնավորապես, հին հայերեն՝ գրաբար:

Իր հերթին ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժնի ակադեմիկոս-քարտուղար Վլադիմիր Բարխուդարյանը կարևորեց քրիստոնեության կաթոլիկ ճյուղի դերը հայագիտական հետազոտություններում:

«Բավական է հիշել Մխիթարյանների Վենետիկյան միաբանության հայագիտական հիմնարար աշխատությունները»,- ասաց նա:

Բարխուդարյանի խոսքերով՝ հայագիտությունն ակտիվ զարգացել է Եվրոպայում, նա նաև հույս է հայտնել պահպանել այդ ոլորտի ուսումնասիրությունները Զալցբուրգի համալսարանում և ընդգծել է ԳԱԱ պատրաստակամությունը՝ սերտորեն համագործակցել ավստրիացի գիտնականների հետ: -0-