Հայաստանը հեռանկարային է համարում Ուկրաինայի հետ համագործակցությունը բոլոր ոլորտներում. Սարգսյան

17.09.2010, 10:46
Հայաստանը հեռանկարային է համարում Ուկրաինայի հետ համագործակցությունը բոլոր ոլորտներում. Սարգսյան
Հայաստանը հեռանկարային է համարում Ուկրաինայի հետ համագործակցությունը բոլոր ոլորտներում. Սարգսյան

Բոլոր ոլորտներում Ուկրաինայի հետ համագործակցությունը հեռանկարային է հայկական կողմի համար, կարծում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Մեզ համար հեռանկարային է Ուկրաինայի հետ համագործակցությունը բոլոր ոլորտներում, այդ թվում նաև՝ տնտեսական, քաղաքական, հումանիտար ոլորտներում: Մեր հարաբերությունները հազարամյակների պատմություն ունեն: Մենք միշտ կապված ենք եղել հազարավոր թելերով և այսօր, իսկապես, կցանկանայինք լրացնել բաց թողածը», - ասել է Սարգսյանը «Պրոֆիլ» ուկրաինական հրատարակությանը տված հարցազրույցում:

ՀՀ նախագահի խոսքերով՝ անկախության առաջին տարիներին՝ 1990-ականների սկզբին, Հայաստանը շատ լավ հարաբերություններ ուներ Ուկրաինայի հետ: «Իսկ հետո ինչ-որ պատճառներով մենք սկսեցինք ավելի հազվադեպ շփվել: Սակայն ես ուրախ եմ, որ մենք այժմ զարգացնում ենք մեր հարաբերությունները լավ տեմպերով: Համոզված եմ, որ առաջիկա մի քանի տարվա ընթացքում մեզ կհաջողվի առնվազն կրկնապատկել, իսկ մի գուցե նաև եռապատկել մեր ապրանքաշրջանառությունը, էլ ավելի ամրապնդել մեր քաղաքական հարաբերությունները և, իհարկե, համագործակցությունը հումանիտար ոլորտում», - ասել է Սարգսյանը:

ՀՀ նախագահի կարծիքով՝ երկու երկրների միջև լավ ապրանքաշրջանառություն կա: Միաժամանակ Սարգսյանն ավելացրել է, որ նման հարցերին ինքն առաջին հերթին մոտենում է պաշարների տեսանկյունից:

«Եթե մեր ապրանքաշրջանառությունը շուրջ 300 միլիոն դոլար է, ապա պաշարները մի քանի անգամ ավել են: Բազմաթիվ ուկրաինական ապրանքներ, որոնք պահանջարկ կունենային հայկական շուկայում և հայկական ապրանքներ, որոնք հետաքրքրություն կառաջացնեին Ուկրաինայում, դեռևս մատչելի չեն մեզ համար: Պատճառն այն է, որ մենք՝ որպես պետություն, բավականին աշխատանք չենք իրականացնում այդ ուղղությամբ: Միջկառավարական հանձնաժողովը հազվադեպ է հանդիպում: Մեր գործարարները հազվադեպ են շփվում, քանի որ մինչև հիմա քաղաքական մթնոլորտ չենք ստեղծել նման համագործակցության համար», - ասել է նախագահը:

Պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ ձևով Կիևն այսօր կկարողանար աջակցել տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատմանը՝ Սարգսյանը նշել է, որ միակ ուղին օբյեկտիվ, չեզոք դիրքորոշումն է, ինչպես նաև տնտեսական հարաբերությունների զարգացումը:

«Խոշոր տնտեսական նախագծերը կյանքի կոչելն էլ ավելի կբարձրացնի Ուկրաինայի հեղինակությունը մեր տարածաշրջանում: Ձեր երկիրն ունի բոլոր անհրաժեշտ ռեսուրսները», - նշել է ՀՀ նախագահը:-0-