Ոստիկանության Երևանի տեղամասային տեսուչը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ

11.09.2010, 11:03
Ոստիկանության Երևանի տեղամասային տեսուչը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի տեղամասային տեսուչը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և առանց իրացնելու նպատակի խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար, տեղեկացնում է գերատեսչության մամուլի ծառայությունը:

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի տեղամասային տեսուչը, համաձայնության գալով մի քաղաքացուհու հետ, վերջինիս ծանոթին քրեական պատասխանատվության ենթարկելու համար ստեղծել է կեղծ ապացույցներ՝ արհեստածին հանցանքի կատարման մեջ նրա մեղավորության մասին: 

Մասնավորապես՝ նախաքննության տվյալներով, տեսուչն անձամբ ապօրինի ձեռք բերելով խոշոր չափերով՝ 9.55 գրամ քաշով չորացված մարիխուանա տեսակի թմրամիջոց, այն  տեղափոխել է կնոջ բնակարան և  վերջինիս միջոցով ձևակերպել, իբր, մարիխուանան պատկանում է նրա ծանոթին, իսկ այդ կնոջ բնակարանից վերցված սառը զենք հանդիսացող դանակը ձևակերպվել է, թե այն հայտնաբերվել է  նրա ծանոթի տաբատի գրպանից:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա տեսուչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (խոշոր չափերի թմրամիջոցների կամ հոգեմետ միջոցների անօրինական շրջանառություն՝ առանց իրացման նպատակի) և 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնական դիրքի չարաշահում): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել  է կալանավորում։ Նախաքննությունը շարունակվում է: -0-