Բաքուն անհաջող կերպով փորձում է շեղել միջազգային հանրության ուշադրությունը հիմնական խնդրից՝ Ղարաբաղի կարգավիճակի հարցից. ՀՀ ԱԳՆ

07.09.2010, 15:04
Բաքուն անհաջող կերպով փորձում է շեղել միջազգային հանրության ուշադրությունը հիմնական խնդրից՝ Ղարաբաղի կարգավիճակի հարցից. ՀՀ ԱԳՆ
Բաքուն անհաջող կերպով փորձում է շեղել միջազգային հանրության ուշադրությունը հիմնական խնդրից՝ Ղարաբաղի կարգավիճակի հարցից. ՀՀ ԱԳՆ

ՀՀ արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը անհաջող է համարում Ղարաբաղի ժողովրդի՝ իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության ճանապարհով ղարաբաղյան հակամարտության գլխավոր հարցից՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակից միջազգային հանրության ուշադրությունը շեղելու Բաքվի փորձերը:

«Վերջին տարիների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների և արտաքին գործերի նախարարների, ԵԱՀԿ անդամ-երկրների արտաքին գործերի նախարարների մակարդակով ընդունվել են մի շարք հայտարարություններ, որտեղ սեւով սպիտակի վրա նշված է բանակցային գործընթացի հիմնական խնդիրը, որից Ադրբեջանը անհաջող կերպով փորձում է շեղել միջազգային հանրության ուշադրությունը, այն է` ԼՂ կարգավիճակի հարցը, ինչը պետք է որոշվի ԼՂ բնակչության` իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության ճանապարհով», - ասել է Բալայանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի նախօրեի հայտարարությունը:

Նախօրեին Ազիմովը հայտարարել է, որ ՀՀ նախագահը իբր մերժել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդների առաջարկները և «բանակցություններում առաջընթացի բացակայության մեղքը փորձում է գցել Բաքվի վրա»:

«Արազ Ազիմովը երբեք չի մասնակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով գլխավոր հանդիպումներին եւ բանակցությունների բովանդակության մասին գիտի միայն լսելով: Ակնհայտ է, որ պարոն Ազիմովին իր ղեկավարությունը գիտակցաբար խաբում է, որպեսզի նա շարունակի  առավել վստահ մոլորության մեջ գցել իր երկրի հասարակական կարծիքը», - մեջբերեցին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը Բալայանի խոսքերը ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-