Բաքուն չի կարող որևէ խնդիր լուծել իր ագրեսիվ գործողություններով. ՀՀ պաշտպանության փոխնախարար

Ադրբեջանական կողմը չի կարող որևէ խնդիր լուծել իր ագրեսիվ և սադրիչ գործողություններով, ասաց ՀՀ պաշռպանության փոխնախարար Արա Նազարյանը՝ մեկնաբանելով Ղարաբաղի հետ շփման գծում ադրբեջանական դիվերսիաների հաճախակի դարձած դեպքերը:
«Ադրբեջանական կողմը միշտ փորձում է որևէ հոգեվարքային դրսևորումներ ցույց տալ, սակայն նրանք չեն կարող դրանով որևէ խնդիր լուծել», - երեքշաբթի լրագրողներին ասաց Նազարյանը:
Նրա խոսքերով՝ հայ զինծառայողները զգոնություն են պահպանում և միշտ հակահարված են տալիս ցանկացած ագրեսիվ և սադրիչ դրսևորումներին:
«Սահմանների պահպանման տեսակետից ոչ մի տարօրինակ բան չկա: Նման բան միշտ տեղի է ունենում, պարզապես նրանց ագրեսիվությունն ավելացել է, սակայն այդ ագրեսիան կկասեցվի», - նշեց ՀՀ պաշտպանության փոխնախարարը:
Նախորդ շաբաթ օրը ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտարարել է ԼՂՀ հյուսիս-արևելքում ադրբեջանական հերթական դիվերսիոն փորձի մասին, որի հետևանքով ոչնչացվել է մեկ ադրբեջանցի զինծառայող, մնացած դիվերսանտները փախուստի դիմելիս պայթել են ականի վրա: Ղարաբաղյան կողմը կորուստներ չունի:
Այս դիվերսիան վերջին երկու ամսվա ընթացքում երրորդ նմանատիպ միջադեպն է: Օգոստոսի 31-ին, Երևանի ժամանակով ժամը 06:30-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Զինված ուժերի շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ՝ Վերին Չայլու գյուղի մոտակայքում, հակառակորդի կողմից ղարաբաղյան բանակի մարտական դիրքերից մեկի նկատմամբ դիվերսիոն գործողությունների փորձ է իրականացվել: Ղարաբաղյան բանակի առաջնային դիրքերի զինծառայողները ժամանակին նկատել են թշնամու հատուկ նշանակության ջոկատի մարտիկների տեղաշարժը և անհապաղ համապատասխան գործողություններ ձեռնարկել՝ պատճառելով հակառակորդին կորուստեր և հետ շպրտելով նրան դեպի ելակետ: Ղարաբաղի Պաշտպանության նախարարության տվյալների համաձայն՝ դիվերսիայի հետևանքով ադրբեջանական կողմի զոհերի և վիրավորների թիվն առնվազն յոթ մարդ է կազմել:
Հունիսի 18-ի ուշ երեկոյան Ադրբեջանի հատուկ ջոկատայինները ներխուժել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք: Թշնամին հետ է շպրտվել: Ծավալված մարտի հետևանքով ղարաբաղյան կողմից չորս զինվոր է զոհվել, ևս չորսը վիրավորվել է: Ադրբեջանական կողմը մարտի դաշտում նվազագույնը մեկ սպանված է թողել:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-