Հայաստանի կողմից Ղարաբաղի անկախության ճանաչումը ժամանակի պահանջն է. պատգամավոր
Ղարաբաղի անկախության ճանաչումն այսօր ժամանակի պահանջն է, երկուշաբթի լրագրողներին ասաց «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության անդամ Լարիսա Ալավերդյանը։
«Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցությունը ՀՀ ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանին առաջարկել է հոկտեմբերի 5-ին արտահերթ քննարկել «ԼՂՀ անկախության ճանաչման մասին» օրինագիծը: Խմբակցությունը տվյալ օրինագիծը խորհրդարան է ներկայացրել դեռ 2007թ.-ին, սակայն այդ ժամանակվանից պատգամավորները հրաժարվում են այն օրակարգ ներառել:
Կանոնակարգի համաձայն, հերթական նստաշրջանի յուրաքանչյուր երկրորդ քառօրյա նիստում քննարկվում է ընդդիմադիր խմբակցության կողմից անտահերթ ճանաչված Ազգային Ժողովի օրինագիծ կամ որոշում, եթե այդ նախագիծը շրջանառվում է, և որի վերաբերյալ ստացվել է գլխամասային հանձնաժողովի եզրակացությունը կամ եզրակացության ժամկետն արդեն լրացել է։
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչումն այսօր ճիշտ որոշում է քաղաքական տեսանկյունից, քանի որ, վերջիվերջո, կստեղծվի իրավիճակ, երբ պատգամավորներն իրենց վրա կվերցնեն պատասխանատվությունը անորոշության վիճակի համար»,- ասաց Ալավերդյանը։
Ըստ նրա, հանգիստ համաձայնելով խորհրդարանի մեծ օրակարգում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հարցի ընդգրկմանը, պատգամավորները պարտավոր են դրանում ընդգրկել նաև Ղարաբաղի անկախության ճանաչումը, ինչը համաչափ և համարժեք մոտեցում կդառնա։
Ինչպես կարծում է պատգամավորը, դա ոչ միայն անհրաժեշտություն է Հայաստանի արտաքին քաղաքականության համար, այլ նաև Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ-ի Ադրբեջանի կողմից Գերագույն Վեհաժողովին ներկայացված բանաձևի պատասխանը կլինի։
Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, Բաքուն սեպտեմբերի 9-ին ՄԱԿ-ի ԳՎ 65-րդ նստաշրջանում քվեարկության կներկայացնի «Միջազգային հումանիտար օրենքի և միջազգային չափորոշիչների նորմերի պահպանումը մարդու իրավունքների ոլորտում Ադրբեջանի բռնազավթված տարածքներում» բանաձևի օրինագիծը։
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Ռաֆիկ Պետրոսյանն իր հերթին նշեց, որ տվյալ հարցը պետք է լուծվի միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ծրագրած պայմանավորվածությունների շրջանակներում, և ոչ մի դեպքում՝ միակողմանի կարգով։
«Նման որոշում (Ղարաբաղի անկախության ճանաչումը՝ «Նովոստի-Արմենիա») այժմ չի կարելի ընդունել, քանի որ այն կարող է էական վնաս հասցնել Հայաստանին։ Ճանաչումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե բարենպաստ պայմաններ ստեղծվեն, որոնք հիմա չկան»,- ասաց Պետրոսյանը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-