Չի բացառվում, որ հայ հնագետները ազգային էպոսի հերոսներից մեկի դամբարանն են գտել

06.09.2010, 17:34
Չի բացառվում, որ հայ հնագետները ազգային էպոսի հերոսներից մեկի դամբարանն են գտել

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ներքին Նավեր մեծ դամբարանադաշտի պեղումների ժամանակ հայ հնագետները մի գերեզման են գտել, որն, ըստ նկարագրության, համապատասխանում է «Սասունցի Դավիթ» ազգային էպոսի հերոսներից մեկի գերեզմանին, հայտնեց ՀՀ մշակույթի նախարարությանն առընթեր պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հակոբ Սիմոնյանը:

«Մենք անսովոր հարուստ դամբարան ենք գտել, որը հատուկ է միայն հերոսներին: Թաղված մարդու գլխի տակ առյուծի ճանկ է հայտնաբերվել: Ազգային էպոսի համաձայն, առյուծի կաշին դրված է էպոսի հերոսներից մեկի՝ Առյուծ Մհերի գլխի տակ»,- երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Սիմոնյանը:

Ըստ նրա, այս գյուտը կարող է նշանակել, որ էպոսը զուրկ չէ իրական հիմքից:

«Բացի այդ, դամբարանում թանկարժեք զենք են գտել՝ արժեքավոր թուր, որը չափազանց հազվադեպ երևույթ է: Դա ևս մեկ անգամ ընդգծում է, որ թաղվածը հասարակ մարդ չի եղել»,- ավելացրեց Սիմոնյանը:

«Ներքին Նավեր» մեծ դամբարանադաշտը տեղակայված է Աշտարակ քաղաքից 3,5 կիլոմետր դեպի արևմուտք: Մեծ դամբարանադաշտում 30 մարդ է թաղված, որոնցից յոթն արդեն ուսումնասիրվել են, իսկ այժմ շարունակվում են ութերորդի պեղումները:

«Սասունցի Դավիթ»-ը միջնադարյան հայկական էպոս է, որը պատմում է արաբ նվաճողների դեմ Սասնա քաջերի պայքարի մասին: Էպոսը ստեղծվել է VII–X դարերում: -0-