ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս մեկ մահվան դեպք է հայտնում

24.08.2010, 17:50
ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս մեկ մահվան դեպք է հայտնում
ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս մեկ մահվան դեպք է հայտնում

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է զինվորական զորամասերից մեկում մարտական հենակետում տեղի ունեցած հերթական միջադեպի մասին, որի արդյունքում պայմանագրային զինծառայող է զոհվել։

ՊՆ հետաքննական ծառայությանը հղած հաղորդագրության մեջ ասվում է, որ «օգոստոսի 17-ին ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետում, նույն զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Հարություն Յուրիկի Վարդանյանը (ծնված 1984թ., Տավուշի զ/կ) հրազենային երկու կրակոց է արձակել նույն զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Արսեն Երվանդի Չոբանյանի (ծնված 1966թ., Տավուշի զ/կ) կրծքավանդակի շրջանին»: Ստացած մարմնական վնասվածքներից Ա. Չոբայանը տեղում մահացել է:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը) հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն: Քրեական գործով նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:

Հարություն Յուրիկի Վարդանյանը ձերբակալվել է օգոստոսի 18-ին: Օգոստոսի 21-ին նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Մեկ ամսից պակաս ժամանակահատվածում հայկական բանակում սա սպանության արդեն երրորդ դեպքն է։ -0-