С-300 համալիրների հնարավոր մատակարարումը չի անդրադառնա տարածաշրջանի ուժերի ռազմական հավասարակշռության վրա. փորձագետ

18.08.2010, 13:49
С-300 համալիրների հնարավոր մատակարարումը չի անդրադառնա տարածաշրջանի ուժերի ռազմական հավասարակշռության վրա. փորձագետ

Ռուսաստանի կողմից Ադրբեջանին С-300 համալիրների հնարավոր մատակարարումն ուղղակիրորեն չի անդրադառնա տարածաշրջանի ռազմական ուժերի հավասարակշռության վրա, չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Կովկասի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը։

Մի շարք ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, Ադրբեջանի ՊՆ-ը և Ռոսօբորոնէքսպորտն իբրև թե Ադրբեջանին «Ֆավորիտ» С-300 ПМУ-2 երկու դիվիզիոններ մատակարարելու պայմանագիր են կնքել։ Ավելի ուշ Ռոսօբորոնէքսպորտը հերքել է այդ տեղեկատվությունը։

 «Չնայած Ռուսաստանը հերքել է այդ տեղեկատվությունը, չի կարելի բացառել այն, որ այդ հարցի շուրջ բանակցություններն այնուամենայնիվ տարվում են»,- ասաց Մինասյանը։

Ըստ նրա, հավասարակշռությունը կխախտվեր այն դեպքում, եթե Ռուսաստանը զիներ ղարաբաղյան հակամարտության միայն մի կողմը։

«Ռուսաստանը մեծ տերություն է, և փորձում է Հարավային Կովկասում հավասարակշռված քաղաքականություն վարել»,- ընդգծեց փորձագետը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-