Հայաստանը պետք է ողջ ջանքերը գործադրի ԼՂՀ միջազգային ճանաչման համար. քաղաքագետ
Հայաստանը պետք է ողջ ջանքերը գործադրի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման համար, ուրբաթ լրագրողներին ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերով Կենտրոնական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
Ըստ նրա, չնայած Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում գտնվում է բանակցային գործընթացում, դա չի խանգարում Երևանին ԼՂՀ անկախությունը ճանաչելու խնդրանքով այլ երկրների դիմել:
Միաժամանակ Մանոյանն ավելացրեց, որ Հայաստանը չպետք է դուրս գա Մինսկի գործընթացից:
Նա նաև նշեց, որ մոտ ժամանակներում Ղարաբաղում պատերազմական գործողությունների վերսկսման ռիսկ չի տեսնում, բայց դա չի նշանակում, որ պատերազմի հավանականությունը լիովին բացառված է:
Մանոյանն ընդգծեց, որ Ադրբեջանը կարող է պատերազմական գործողություններ սկսել երկու դեպքում` եթե լիովին վստահ լինի իր հաղթանակում և եթե հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն և Ադրբեջանն իրեն «լքված» զգա:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-