Հայաստանը նոր օրենք է մշակում զբոսաշրջության զարգացման համար

06.08.2010, 18:30
Հայաստանը նոր օրենք է մշակում զբոսաշրջության զարգացման համար
Հայաստանը նոր օրենք է մշակում զբոսաշրջության զարգացման համար

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Նոր օրենքը, որը թույլ կտա զարգացնել զբոսաշրջության ոլորտը և պաշտպանել զբոսաշրջիկների շահերը, մշակվում է ներկայում Հայաստանում, տեղեկացրեց Հայաստանի էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը։

«Մենք ուսումնասիրել ենք միջազգային փորձը, վերլուծել օրենսդրությունը դրա բարելավման համար։ Մեր նպատակը բիզնես-միջավայրի բարելավումն է, զբոսաշրջիկների շահերի պաշտպանությունն, ինչը կհանգեցնի զբոսաշրջային ծառայությունների, Հայաստանի՝ որպես զբեսաշրջային երկրի իմիջի աճին»,- ուրբաթ լրգարողներին ասաց Ապրեսյանը։

Երևանում ուրբաթ «առանց փողկապների» հանդիպում է կայացել Հայաստանում զբոսաշրջության ոլորտը կարգավորող օրենսդրության հարցերով։ Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարության, հանրապետության հյուրանոցների ասոցիացիայի և «Հայաստանի մրցունակ մասնավոր հատված» ծրագրով (USAID/CAPS)։

Ինչպես տեղեկացրեց Ապրեսյանը, օրինագծի մշակումն իրականացվում է պետական և մասնավոր հատվածների համագործակցությամբ, միջազգային փորձագետների մասնակցությամբ։ Ըստ նրա, Հայաստանում արդեն երկու շաբաթ գտնվում է միջազգային փորձագետ Ջոն Դոունսը, ում հետ միասին արդեն քննարկվել է զբոսաշրջության մասին նոր օրինագիծը, անդրադարձ է կատարվել անհրաժծեշտ հարցերի։

Ապրեսյանը հավաստիացրեց, որ այսօրվա քննարկմանը հնչած հարցերը կամփոփվեն և կներկայացվեն շահագրգիռ բոլոր մարմիններին և անձանց, օրինագծի մշակման գործընթացն ամբողջովին թափանցիկ կլինի և նկատի կառտնվեն բոլոր կարծիքները։

Էկոնոմիկայի նախարարության վարչության ղեկավարը հայտնեց, որ օրենքում կուրվագծվեն կառավարության և իշխանության տեղական մարմինների համագործակցության ոլորտները, զբոսաշրջության ոլորտում լիազոր մարմնի ձեռնահասությունը, պետական և մասնավոր հատվածների համագործակցության սկզբունքները, ազգային զբոսաշրջային մարմնի ձեռնահասությունը։ Ապրեսյանը հիշեցրեց, որ ավելի վաղ Հայաստանում նմանատիպ մարմին է համարվել Զբոսաշրջության զարգացման ազգային գործակալությունը, որը հետագայում ընդգրկվել է Ազգային մրցունակության ֆոնդում։

Նոր օրենքով, ինչպես տեղեկացրեց Ապրեսյանը, կկարգավորվի նաև զբոսաշրջային գործակալությունների, տուրօպերատորների, գիդերի, ուղեկցող անձանց աշխատանքը։  

2010 թվականի առաջին կիսամյակում Հայաստան է այցելել մոտ 230 հազար զբոսաշրջիկ, ինչը 11,2 տոկոսով բարձր է 2009 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ -0-