ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԻՆ-ը հայտարարում է Ադրբեջանի կողմից հայկական տարածքում կազմակերպված հրկիզման դեպքերի մասին:
ՀՀ ԱԻՆ Փրկարար ուժերի վարչության պետի տեղակալ, գնդապետ Պավել Գյոզալյանի խոսքերով, նման դեպքեր են գրանցվել Վայոց Ձորի և Տավուշի մարզերում:
«Մենք համոզված ենք, որ դա կանխամտածված է իրականացվել», - չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա:
Գյոզալյանի խոսքերով՝ հրդեհների օջախներն առաջացել են միաժամանակ մի քանի վայրերում, և հայկական հրշեջ ծառայությունների աշխատակիցների և տեղի բնակիչների՝ հրդեհը մարելու փորձերին ի պատասխան կրակոցներ են հնչել:
Նա պարզաբանեց, որ հրշեջները ստիպված էին սպասել մինչև կրակը հասնի Հայաստանի տարածքում ավելի անվտանգ վայրեր, ինչից հետո հրդեհաշիջման աշխատանքներ են կազմակերպվել:
«Այս ամենի հետևանքով մի քանի հարյուր հեկտար տարածք է այրվել, սակայն, բարեբախտաբար, մեզ հաջողվել է մարել հրդեհներն առանց կորուստների», - ասաց նա:
Գյոզալյանը չբացառեց այն բանի հավանականությունը, որ Ադրբեջանում, հնարավոր է, այրում են արդեն հնձված դաշտերը, սակայն այդ դեպքում, նրա խոսքերով, չէին լինի հրդեհի բազմաթիվ աղբյուրներ և հնարավորություն կընձեռվեր մարել հրդեհը:
«Հետևաբար, մենք հանգում ենք այն եզրակացության, որ դա արվել է կանխամտածված, նրանք, ամենայն հավանականությամբ, գիտեն, որ այդ շրջաններում մեզ մոտ ցորենի արտեր և անտառներ կան, և սա վնաս հասցնելու ևս մեկ միջոց է», - ընդգծեց նա:
Խոսելով նման դեպքերի կանխարգելման հնարավորությունների մասին՝ վարչության պետի տեղակալը նշեց, որ դա ԱԻՆ-ի իրավասությունների շրջանակներից դուրս է և համապատասխան միջազգային կառույցների խնդիրն է:-0-