Ինքնասպանությունները Հայաստանում «ծերանալու» միտում ունեն, երկուշաբթի լրագրողներին հայտնեց հոգեբան Կարինե Նալչաջյանը։
Ըստ նրա, վիճակագրական տվյալների համաձայն, 2010 թվականի հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում Հայաստանում ինքնասպանության 317 դեպք է գրանցվել, ինչը 25,8 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Նույն տվյալների համաձայն, 2010 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում 30-ից 65 տարեկան տարիքային կարգում ինքնասպանների թիվը կազմել է 84 դեպք, մինչդեռ նախորդ տարի այդ թիվը 64 է եղել։
«Եթե Հայաստանում ինքնասպանությունները «ծերանում են», ապա, ողջ աշխարհի վիճակագրական ցուցանիշների համաձայն, հիմնականում այդ քայլին են գնում մինչև 25 տարեկան մարդիկ։ Համեմատելով մեր տվյալների հետ՝ մենք տեսնում ենք, որ մեզ մոտ կյանքին վերջ տալ են ցանկանում ավելի մեծ տարիք ունեցող մարդիկ»,- ասաց Նալչաջյանը։
Հոգեբանը նշեց, որ ինքնասպանների ավելի քան 46 տոկոսը գործազուրկ է։ Այդ կապակցությամբ նա նշեց, որ ինքնասպանություններն առաջին հերթին սոցիալական գործոնի հետևանք են։ Նրա խոսքերով, գործազրկությունը անձի համար հոգեբանորեն այնքան ծանր երևույթ է, որ հաճախ ինքնասպանությունների է հանգեցնում։
Այլ գործոնների թվում նա նշեց նաև այնպիսի երևույթներ, ինչպես աղանդավորությունն ու հասարակությունից մեկուսացված լինելը։
Ինքնասպանությունների կասեցման մեթոդների թվում Նալչաջյանն առաջին հերթին նշեց մշտական «թեժ» գծի առկայությունը։ Պակաս կարևոր չէ դրանում, ըստ նրա, նաև հասարակության դերը։ Հոգեբանը նշեց, որ պոտենցիալ ինքնասպանները սրտացավության կարիք ունեն, և հասարակության կողմից այդ երևույթը որպես թուլության դրսևորում համարելը բացարձակապես անընդունելի է։
Նալչաջյանի խոսքերով, պոտենցիալ ինքնասպաններին կարելի է որոշել մի շարք գործոններով՝ մեղքի զգացում, մշտական խոսակցություններ մահվան և կյանքի անիմաստ լինելու վերաբերյալ, անսպասելի արարքներ (թանկարժեք նվերներ ընկերներին և մտերիմներին, որոշ գործերն արագ ավարտի հասցնելը)։
Նալչաջյանն ավելացրեց նաև, որ միայն յուրաքանչյուր չորրորդ ինքնասպանն է կրկնում փորձը երկրորդ անգամ, և նրանցից յուրաքանչյուր տասներորդը համոզված ինքնասպան է։
Սցիոլոգ Հայկ Սահակյանն իր հերթին նշեց, որ որքան ավելի է մարդն ինտեգրված հասարակությունում, այնքան ավելի քիչ է ինքնասպանություն կատարելու ռիսկը և հակառակը։
Միաժամանակ, սովիոլոգի խոսքերով, ինքնասպանությունները կարող են պայմանավորված լինել անոմիկ երևույթներով, այսինքն մարդու այնպիսի վիճակով, երբ սոցիալական հին համակարգը նրա աչքերում տապալված է, իսկ նորը դեռևս չի ձևավորվել։ -0-