Հայաստանի և Ղարաբաղի ուսանողները 2010 և 2011 թթ.-ին կշարունակեն իրենց ուսումը Իտալիայում «Ռոնդինե` խաղաղության ամրոց» ասոցիացիայի («Rondine Cittadella della Pace») նախագծի շրջանակներում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Ասոցիացիայի առաքելությունն է աջակցել առկա հակամարտություների խաղաղ կարգավորմանը:
Երեքշաբթի ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանի հետ հանդիպման ընթացքում կազմակերպության ղեկավար Ֆրանկո Վակարին տեղեկացրել է, որ իրենք աշխարհի տարբեր մասերում հակամարտության մասնակից բոլոր կողմերից ուսանողներ են հրավիրում Իտալիայի Տոսկանայի նահանգ ուսումը շարունակելու նպատակով:
Ակնկալվում է, որ սեպտեմբերին Իտալիա կմեկնի մեկ ուսանող Հայաստանից, իսկ 2011 թ.-ին՝ մեկ ուսանող Ղարաբաղից:
Հանդիպման ընթացքում Կարինե Ղազինյանը շնորհակալություն է հայտնել Վակարիին իրականացվող ակցիայի համար՝ նշելով խաղաղության կարևորությունը ողջ տարածաշրջանի համար, ինչպես նաև ներկայացրել է ԼՂ հակամարտության հետ կապված մանրամասներ:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցություն հաստատել Հայաստանի Վայք և Իտալիայի Արեցցո քաղաքների միջև:
Կազմակերպությունն անցյալ տարի մայիսին Արեցցոյում կայացած միջազգային համաժողովին ընդունել էր 14 կետանոց հռչակագիր, որն էլ պաշտոնապես հանձնվեց ՀՀ ԱԳ փոխնախարարին հանդիպման ավարտին:
Նույն օրը պատվիրակության անդամները հանդիպել են նաև Վայքի քաղաքապետի հետ, քննարկումներ ունեցան ՀՀ Սփյուռքի և Կրթության ու գիտության նախարարություններում:
Հուլիսի 26-ին Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Երևանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի և Ասոցիացիայի նախագահ Ֆրանկո Վակարիի միջև հակամարտող տարածաշրջանների, ինչպիսին են Հարավային և Հյուսիսային Կովկասը, Մերձավոր Արևելքը, ուսանողների միջև մշակութային կապերի հաստատման ոլորտում:
Բացի այդ հանդիպում է տեղի ունեցել Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ:-0-