2001թ.-ից ԱՄՆ-ն $14 մլն է տրամադրել ՀՀ իրավապահ մարմիններին
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ կառավարության հետ 2001թ.-ին ստորագրած թմրադեղերի հսկողության և իրապահ ոլորտում համագործակցության նամակ-համաձայնագրի շրջանակներում ԱՄՆ կառավարությունը երկրի իրավապահ մարմիններին որպես օգնություն ավելի քան 14 մլն դոլար է հատկացրել, հայտնեց հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։
«Այս տարիների ընթացքում իրավապահ համակարգի զարգացման ուղղությամբ բազմաթիվ ծրագրեր և նախագծեր են իրականացվել։ Համաձայնագրի շրջանակներում Փորձաքննությունների ազգային բյուրո է ստեղծվել, ՀՀ ոստիկանության համակարգում ծրագրեր են իրականացվել»,- ուրբաթ նշեց Հովսեփյանը՝ ԱՄՆ կառավարության հետ հերթական համաձայնագրի ստորագրման ժամանակ։
Ըստ ՀՀ գլխավոր դատախազի՝ ծրագրեր են իրականացվում նաև հայկական դպրոցներում, որոնց շրջանակներում բարձրանում է աշակերտների իրավական գիտելիքների մակարդակը, իրականացվում են թրաֆիկինգի դեմ պայքարի վերաբերյալ նախագծեր։
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը և Հայաստանում ԱՄՆ Արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչն ուրբաթ հերթական՝ 11-րդ արձանագրություն են ստորագրել թմրադեղերի հսկողության և իրապահ ոլորտում համագործակցության նամակ-համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին։
Միջոցները կուղղվեն թրաֆիքինգի զոհերին օգնություն ցուցաբերելուն, մարդկանց առևտրի դեմ պայքարին, իրավակարգի ոլորտի զարգացմանը, քրեափորձագիտական կենտրոնի աշխատանքների կատարելագործմանը, ՀՀ Կենտրոնական բանկի Ֆինանսական դիտարկման կենտրոնի ծրագրերին։ -0-