«Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնի աշխարհագրությունը զգալիորեն ընդլայնվել է

21.07.2010, 15:44
«Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնի աշխարհագրությունը զգալիորեն ընդլայնվել է

«Մեկ ազգ, մեկ մշակույթ» չորրորդ համահայկական փառատոնի աշխարհագրությունը զգալիորեն ընդլայնվել է, ասաց ՀՀ սփյուռքի փոխնախարար Ստեփան Պետրոսյանը։

Առաջին անգամ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնն  անցկացվել է 2004թ.-ին։ Փառատոնին, որն անցկացվում է երկու տարին մեկ անգամ, մասնակցվում են աշխարհի տարբեր երկրների արվեստի հայ գործիչներ, երաժիշտներ, թատերական կոլեկտիվներ և անսամբլներ։ Այս տարի փառատոնը մեկնարկել է ապրիլի 22-ին՝ ցուցահանդեսի բացմամբ, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 95-ամյակին։

«Այս տարի փառատոնը մի շարք առանձնահատկություններ ունի։ Առաջին հերթին զգալիորեն ընդլայնվել է փառատոնի աշխարհագրությունն ու ծավալը։ Եթե անցյալ տարի փառատոնն ունեցել է շուրջ 900 մասնակից, ապա այս տարի մենք ենթադրում ենք, որ 13 երկրներից հայկական Սփյուռքի 1200 ներկայացուցիչներ կժամանեն»,- չորեքշաբթի լրագրողներին ասաց Պետրոսյանը։

Ըստ փոխնախարարի՝ փառատոնի մեկ այլ՝ ոչ պակաս ուշագրավ յուրահատկությունն այն է, որ այն կտևի մինչև տարեվերջ։

Պետրոսյանը նշեց, որ հուլիսի 22-29-ը փառատոնի շրջանակներում կանցկացվեն «Կատարողական արվեստի օրեր», հուլիսի 30-ից մինչև օգոստոսի 5-ը ՀՀ Վայոց ձորի մարզի Նորավանք վանական համալիրում կկազմակերպվեն պարային վարպետության դասընթացներ, օգոստոսի 15-23-ը կանցկացվի Շախմատի առաջին համահայկական երիտասարդական օլիմպիադան։

Ըստ փոխնախարարի՝ աշնանը Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ծրագրվում է ԶԼՄ-ների համար համահայկական սեմինարներ անցկացնել։

«Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն Թամարա Պողոսյանն իրեն հերթին նշեց, որ այս տարի փառատոնին պետբյուջեից ընդհանուր առմամբ 138 մլն դրամ է հատկացվել։

Պողոսյանն ընդգծեց, որ փառատոնի հիմնական առաքելությունը հայկական ինքնության պահպանումն ու Հայաստանի և սփյուռքի միջև կապերի ամրապնդումն է։

 

Հիմնադրամի գործադիր տնօրենն ավելացրեց, որ եթե առաջին փառատոնը կազմակերպվել է լիովին Հայաստանի նախաձեռնությամբ, ապա ժամանակի ընթացքում Սփյուռքը գլխավոր դեր է սկսել խաղալ դրա կազմակերպման մեջ։

Փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո՝ ՀՀ սփյուռքի նախարարության, ԱԳՆ և «Մեկ ազգ։ Մեկ մշակույթ» հիմնադրամի աջակցությամբ։ -0-