Բանակցություններին ԼՂՀ-ի լիիրավ մասնակցությանը Բաքվի համաձայնությունը ցույց կտա ղարաբաղյան հակամարտությունը լուծելու Ադրբեջանի ցանկությունը

20.07.2010, 13:44
Բանակցություններին ԼՂՀ-ի լիիրավ մասնակցությանը Բաքվի համաձայնությունը ցույց կտա ղարաբաղյան հակամարտությունը լուծելու Ադրբեջանի ցանկությունը

Բանակցային գործընթացում ԼՂՀ-ի լիիրավ մասնակցությանը Բաքվի համաձայնությունը կդառնա ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու նրա ձգտման իրական ապացույցը, ասել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը «ԱՐ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Նրա խոսքերով՝ Ղարաբաղը կայացած պետություն է՝ բոլոր ինստիտուտներով, որտեղ ժողովրդավարական գործընթացը, մասնավորապես ընտրությունների տեսքով, չի դադարել նույնիսկ պատերազմի տարիներին:

«Խնդիրն այն է, որ Ադրբեջանը չի ցանկանում ԼՂՀ մասնակցությունը որպես լիիրավ կողմ, քանի որ դա հակասում է նրանց քարոզչամեքենայի խեղաթյուրված ձևակերպումներին այն մասին, որ սա Հայաստանի և Ադրբեջանի տարածքային վեճն է», - ասել է Քոչարյանը:

ՀՀ փոխարտգործնախարարի կարծիքով՝ այս հարցը ինքնատիպ լակմուսի թուղթ է:

«Եթե Ադրբեջանն իսկապես ճանաչի Ղարաբաղի մասնակցությունը որպես բանակցությունների լիիրավ կողմ, ապա դա ցույց կտա, որ նա ցանկանում է կարգավորվել հարցը, հակառակ դեպքում Բաքուն պարզապես օգտագործելու է բանակցային գործընթացը որպես շղարշ՝ սեփական քարոզչությունը շարունակելու նպատակով», - ասել է Քոչարյանը:

Նրա խոսքերով՝ միջնորդները բազմաթիվ զգուշավոր հայտարարություններ են արել այն մասին, որ անհնար է լուծել հարցն առանց Ղարաբաղի:

ՀՀ փոխարտգործնախարարը նաև կարծում է, որ հակամարտության կարգավորման գործընթացում հայկական կողմի համար առանցքային հարցերն են Ղարաբաղի կարգավիճակն ու անվտանգության երաշխիքները: «Կարգավիճակն անվտանգության որոշակի երաշխիք է, քանի որ միջազգային ճանաչումը պաշտպանություն է ապահովում», - ասել է Քոչարյանը՝ միաժամանակ ճշտելով, որ դա բավարար չէ:

Նրա խոսքերով՝ Ադրբեջանի վարած ուժային քաղաքականության պայմաններում Ղարաբաղի անվտանգության երաշխիքը Հայաստանի հետ ցամաքային կապն է: Նա նշել է, որ միջնորդները նաև բացառում են Ղարաբաղի մեկուսացումը:
Քոչարյանն ընդգծել է, որ կարգավիճակի և անվտանգության երաշխիքի հարցում ձեռք բերած պարզորոշությունը թույլ կտա առաջ ընթանալ:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-